Մատչելիության հղումներ

Օհանյան. «Ես, որպես քաղաքացի, իրավունք ունեմ մասնակցելու քարոզարշավին»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում, 14-ը նոյեմբերի, 2015թ.
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում, 14-ը նոյեմբերի, 2015թ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին իր մասնակցության վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը՝ այն համարելով անտեղի։ Նախարարն ասել է, որ ինքը, որպես քաղաքացի, իրավունք ունի մասնակցելու քարոզարշավին:

«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ունեմ մասնակցելու և իրավունք ունեմ կասկածներ արտահայտելու։ Կարծում եմ, որ այդ քննադատությունը տեղին չէ, առավել ևս, որ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, ես քաղաքական թիմի անդամ եմ և այսօր ենթարկվում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին», - շաբաթ օրը Մուսա լեռան հուշահամալիրում՝ հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Օհանյանը։

Նա վստահեցրեց, որ Զինված ուժերը Սահմանդրությունից դուրս որևէ քայլ չեն կատարել ու հանրաքվեին էլ չեն կատարի։ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ Զինված ուժերը պահպանում են քաղաքական չեզոքություն, բայց որպես առանձին անձնավորություններ իրենք պարտավոր են Սահմանադրության համաձայն փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց տեսակետը արտահայտելու», - նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ համացանցում տարածվեց քարոզչական մի տեսանյութ, որում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր աջակցությունը հայտնելով սահմանադրական փոփոխություններին, նշում է, որ «նոր Սահմանադրությունը կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը»։

Ընդդիմադիր գործիչները անթույլատրելի համարեցին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին պաշտպանության նախարարի մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես իշխանության կողմից վարչական լծակի կիրառման ևս մեկ օրինակ:

«Սահմանադրական նոր փոփոխություններով, ինչպես նաև այսօր էլ, բանակի մարտունակությունը, մեր յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության, ողջ ժողովրդի և մեր երկրի պաշտպանունակության մակարդակը բարձր է լինելու, հրամանատարական ուղղահայացը ձևավորված է այնպիսին, որ անկախ քաղաքական որևիցե վերադասավորումներից այն հստակ է լինելու և ապահովելու է մեր ժողովրդի անվտանգությունը», - «Ազատությանն» ասաց պաշտպանության նախարարը։

XS
SM
MD
LG