Մատչելիության հղումներ

Քարոզարշավը ակտիվանում է մարզերում


«Գոնե մի լավ բան անեիք, հետո Սահմանադրություն փոխեիք», - ասում են մարզերի բնակիչները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այսօրվանից ակտիվանում է մարզերում։

Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Թալինում, Սևանում, Հրազդանում փողոցներով էր շրջում, թռուցիկներ բաժանում՝ կոչ անելով մարդկանց «ոչ» ասել նոր Սահմանադրությանը, իսկ դեկտեմբերի 1-ին մասնակցելով համազգային հանրահավաքին՝ անհնազանդության ակցիա սկսել:

«Փոքր քաղաքներում վարչական ռեսուրսի ազդեցությունը շատ մեծ է և մարդիկ վախենում են ազատ արտահատել իրենց միտքը», - «Ազատության» հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, այդուհանդերձ, որ առաջիկա օրերին շարունակելու են մարզային հանդիպումները և անհրաժեշտության դեպքում կհասնեն Հայաստանի բոլոր բնակավայրեր:

«Կաշկանդված են մարդիկ, որովհետև շատ բաներով կախված են վարչական այս համակարգից։ Այն, ինչ մենք այստեղ տեսնում ենք, նորմալ է, սովորաբար և մյուս այս կարգի քաղաքներում առկա վիճակ է։ Մեր խնդիրը այսօր՝ այստեղ ցույց տալ ժողովրդին, որ մենք անմասն չենք թողել որևէ մեկին, մեր կոչը հասցրել ենք Հայաստանի բոլոր տեղերը», - ասաց Ղուկասյանը։

Վարչական ռեսուրսի կիրառումից բացի, նրա պնդմամբ, Հանրապետականն այսօր հակաքարոզչությամբ է զբաղված: «Ժողովրդին մոլորեցնելու փորձ է արվում»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանի այն խոսքին, թե «ոչ»-ի հաղթանակի դեպքում վտանգվում է կայուն կառավարումը:

«Այդ նոր փոփոխությունները, որի մասին խոսում են, մտնելու են ուժի մեջ 18 թվականին և որևէ ձևով 16, 17 թվականի երկրի ներքին կամ արտաքին իրավիճակի վրա չեն անդրադառնալու։ Ուստիև ասել, որ «ոչ» ասելը ինչ-որ մի բան կարող է փոխել, վտանգ ստեղծել և այլն՝ կոնկրետ Դավիթ Հարությունյանի դեպքում, որը որ առարկան պարզ հասկանում է, գիտակից խաբեություն է», - ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։

Մինչդեռ «այո»-ի ջատագով ՀՅ Դաշնակցություն կուսակցությունում կիսում են հանրապետական Դավիթ Հարությունյանի մտահոգությունը: «Վճռական Այո» կոչով այսօր ՀՅԴ-ն ևս Հրազդանում էր։ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասողները բացառում են քաղաքական հանգուցալուծումներով իշխանափոխություն անելու հնարավորությունը՝ թողնելով միայն «ուժային, փողոցային, հեղափոխական ճանապարհները»:

«Ես բացարձակապես չեմ ուզում զբաղվել իրենց քարոզչությամբ՝ իրենք ինչ են անում, իրենց իրավունքն է՝ թող ինչ ուզում են անեն, բայց ես իմ անելիքը գիտեմ, ես համոզված եմ, որ նոր Սահմանադրությունը էապես ավելացնելու է երկրում որակական արմատական փոփոխություններ կատարելու հնարավորությունը, էապես մեծացնելու է ընդդիմության դերակատարությունը, էապես նվազեցնելու է իշխանության վերարտադրման հնարավորությունները», - հայտարարեց Վարդանյանը։

Քաղաքացիների հետ դահլիճային հանդիպման ժամանակ սահմանադրական փոփոխությունների առավելությունները թվարկելուց հետո Դաշնակցություն խմբակցության քարտուղարն անկեղծացավ՝ հանրապետականները հրեշտակներ չեն, և ինքն էլ համոզված է, որ սեփական շահն են հետապնդում. - «Չեմ ասում, որ մի օրվա մեջ փոխվել են, դառել են հրեշտակ, միայն լավն են ուզում։ Որովհետև Հանրապետական կուսակցությունը ինքը մի տասը տեսակից է կազմված։ Ես չգիտեմ մի իշխանություն, որ, ասենք, ինքը էսօր իշխանությունը է, հաջորդ ընտրություններից առաջ ասի՝ էլ իշխանության չձգտեմ՝ թող ուրիշը գա իշխանության, էդպիսի բան չի լինում։ Իրենք էլ իրենց ինչ-որ հաշվարկները ունեն։ Բայց մտածել, որ նրանք, չգիտեմ, սատանա են, մեզ խաբում են՝ գիտեք, մենք էլ խելք ունենք, մենք էլ փորձառություն ունենք, մեզ հեշտ չի խաբելը»։

«Ոչ»-ը փակուղի է, իսկ «Այո»-ն՝ նոր շունչ». - Աղվան Վարդանյանը իր այս համոզմունքն էր փորձում փոխանցել հրազդանցիներին:

Դահլիճում ներկաները թեպետ ուշադիր լսում էին «Այո»-ի քարոզը, այդուհանդերձ, երբ խոսելու հերթը հասավ իրենց, անկաշկանդ առաջադրեցին իրենց հարցերը՝ պաշտոնյաները չեն թաքցնում, որ կյանքը հաջորդ տարի չի բարելավվելու, թոշակներն ու աշխատավարձերը մնալու են անփոփոխ, մինչդեռ դատախազների աշխատավարձերը բարձրանալու են... «Գոնե մի լավ բան անեիք, հետո Սահմանադրություն փոխեիք», - ասում էին հրազդանցիները:

XS
SM
MD
LG