Մատչելիության հղումներ

Փորձագետ․ ԵՏՄ-ին անդամակցելուց մեկ տարի անց Հայաստանի տնտեսությունը մտել է փակուղի


Տնտեսագետ Աշոտ Եղիազարյան
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ՝ միությունը 2015-ը կփակի տնտեսական անկումով, իսկ գալիք տարվա համար հանձնաժողովը վատացրել է իր կանխատեսումը:

Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մեկ տարին, սակայն իշխանությունների խոստացած տնտեսական օգուտների փոխարեն, միության անդամ երկրների հետ առայժմ ունենք առևտրի զգալի կրճատում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կրճատվել է 14.1 տոկոսով, Բելառուսի հետ՝ 17.3, իսկ Ղազախստանի հետ՝ 21.2 տոկոսով:

Անկումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի գործոնով․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, ողջ ԵՏՄ ներքին առևտուրը այս տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 26 տոկոսով:

Անկում է ապրում ոչ միայն առևտուրը: Հանձնաժողովի կանխատեսմամբ, Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 3.3 տոկոսով, ընդ որում մյուս տարվա համար հանձնաժողովը վատացրել է իր գնահատականը՝ միությունում կլինի 0.3 տոկոս աճ, մինչդեռ ամռանն ակնկալվում էր 0.9 տոկոսի աճ:

Հայաստանի կառավարությունում ԵՏՄ գծով պատասխանատուն՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, այդուհանդերձ, այսօր բավականին լավատես էր․ - «Կոնկրետ 2015 թվականին որոշակի զարգացումներ կան, որոնք պայմանավորված են համաշխարհային շուկայում կառուցվածքային փոփոխություններով՝ էներգակիրների գների հետ կապված, տարածաշրջանային զարգացումներով, լարվածություններով: Եվ դրանք, բնականաբար, 2015 թվականի վրա ունեցել են իրենց ազդեցությունը: Դա չի նշանականում, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում նույն գործոնները պահպանվելու են, և որոշակի տնտեսական աճի հեռանկարներ չկան»:

Մինչև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում էին տնտեսության համար բացվող նոր հնարավորությունների, ավելի քան 170 միլիոնանոց շուկայի և ակնկալվող տնտեսական օգուտների մասին:

Հարցին՝ կարելի՞ է ասել, թե իշխանությունները սխալվել են իրենց կանխատեսումներում, Գաբրիելյանն արձագանքեց․ - «Ես, բնականաբար, չեմ կարող նման բան ասել: Որովհետև իշխանությունները չէին ասում, որ ԵՏՄ մտանք, և դրանից հետո անմիջապես ամեն ինչ լինելու է, միանգամից, առանց տնտեսվարողների փոփոխության, ամեն ինչ լինելու է: Բայց միևնույն ժամանակ կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական աճ կա և տնտեսական աճը իրական է: Կարող ենք»:

«Եվրասիական տնտեսական միությունն ունի զարգացման ներուժ, և այդ ներուժը ի հայտ կգա», - եզրափակեց փոխվարչապետը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, սակայն, տնտեսական օգուտների և 170-միլիոնանոց շուկայի մասին հայաստանյան իշխանությունների հայտարարությունները իրականում քաղաքական բնույթի էին, քանի որ հաշվի չէին առնում տնտեսական իրողությունները․ - «Քաջ հայտնի է, որ մինչև ԵՏՄ անդամակցությունը, մինչև ԵՏՄ ձևավորումը նույնիսկ այսօրվա ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր ծավալներ էր կազմում: Այսինքն նրանք ավելի շատ ինտեգրված էին արտաքին աշխարհի հետ, քան միմյանց միջև: Սա ունի իր հիմնավորումը, որովհետև ԵՏՄ երկրները մեծ հաշվով միմյանց բան չունեն տալու»:

Հարցին, թե ինչ տվեց Հայաստանի տնտեսությանը ԵՏՄ-ին անդամակցության մեկ տարին, Եղիազարյանը պատասխանեց․ - «Հայաստանի տնտեսությունը պարզապես մտավ փակուղի, Հայաստանի տնտեսությունը զրկվեց զարգացման այլընտրանքային հնարավորություններից, Հայաստանի տնտեսությունը զրկվեց ներդրումներից, Հայաստանի տնտեսությունը զրկվեց ընդհանրապես սեփական նախագծերը քննարկելու և իրականացնելու [հնարավորությունից]»:

XS
SM
MD
LG