Մատչելիության հղումներ

ԵՏՄ առանցքային տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել


ԵՏՄ առանցքային տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Եվրասիական միության առանցքային տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել, ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին կանխատեսման համաձայն՝ 2015 թվականը միությունը կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով:

Ըստ հանձնաժողովի, այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ԵՏՄ չորս երկրների արդյունաբերական արտադրանքը կրճատվել է 5.1 տոկոսով, ինչը վատագույն ցուցանիշն է տարվա սկզբից:

Ավելի շոշափելի է անկումը առևտրի բնագավառում՝ ԵՏՄ ներքին առևտուրը մայիսին՝ 2014-ի մայիսի համեմատ, կրճատվել է 23.7 տոկոսով, իսկ արտաքինը՝ 35 տոկոսով:

Այսօր Երևանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին՝ մասնակցելու ԵՏՄ արդյունաբերական քաղաքականությանը վերաբերող համաժողովին:

«Կարծում եմ, նախորդ տարվա մակարդակը կունենա, հնարավոր է աճ գրանցի Ղազախստանը՝ 1-2 տոկոս: Ներկայում՝ անցած տարվա համեմատ, Բելառուսում է անկում՝ 2-3 տոկոս, Ռուսաստանը նույն վիճակում է: Այսօր հանդիպել եմ ձեր երկրի էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարների հետ, ձեզ մոտ, ընդհանուր առմամբ, վատ տեսլականներ չկան տնտեսության զարգացման վերաբերյալ», - նշեց նա:

Եվրասիական տնտեսական միությունը սկսեց գործել այս տարվա հունվարի 1-ից: Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով, միության ստեղծումից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, որպեսզի հնարավոր լինի խոսել տնտեսական օգուտների մասին:

«Արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար կես տարին բավարար ժամանակահատված չէ», - նշեց փոխնախարարը:

«Լեզվի մասին» օրենքի պահանջը չէր կատարվել

Ի դեպ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացած միջոցառումը ռուսերեն էր: Թեև միջոցառման սկզբում Տարասյանը ներողություն խնդրեց ռուսերենին անցնելու համար և խոստացավ ապահովել հարցերի ու պատասխանների թարգմանությունը, սակայն ելույթների ժամանակ չկար հայերեն զուգահեռ թարգմանություն, ինչպես պահանջում է «Լեզվի մասին» օրենքը: Էկոնոմիկայի փոխնախարարը այսպես բացատրեց, թե հայաստանյան պետական մարմնում ինչու ապահովված չէր հայերեն զուգահեռ թարգմանությունը:

«Այս քննարկումները իրականացվում են աշխատանքային կարգով, որպեսզի թարգմանության և մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ չառաջանան, որովհետև տերմինալոգիա է օգտագործվում: Դրա համար ամենասկզբից ես ներողություն խնդրեցի», - նշեց Տարասյանը:

XS
SM
MD
LG