Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է


Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը (ձ) և տնտեսագետ Վահագն Խաչատրյանը քննարկման ժամանակ
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը (ձ) և տնտեսագետ Վահագն Խաչատրյանը քննարկման ժամանակ

Ըստ հայաստանյան վիճակագրության՝ 30, իսկ ըստ ռուսաստանյանի՝ 2 անգամ:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր որևէ փոփոխություն չի նկատել դեպի Ռուսաստան ապրանք արտահանելիս․ ո՛չ ծախսերն են կրճատվել, ո՛չ էլ սահմանին հաճախ օրեր ձգվող քաշքշուկը, իսկ պահանջվող փաստաթղթերի հաստ տրցակն էլ միայն մեկով է պակասել․ - «Եթե մենք տեղական ապրանքի համար վերցնում էինք ծագման սերտիֆիկատ, այսօր չենք վերցնում: Մնացած ամեն ինչը նույնն է․ մաքսային մարմիններում մուծումներ ենք կատարում, դեկլարացիա ենք սարքում, քանի որ մենք ընդհանուր սահման չունենք»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, համաձայն չէ: Հայ արտահանողների վիճակը, նրա համոզմամբ, ոչ միայն նույնը չի մնացել, այլև վատթարացել է: Փոխարենը դյուրացել է ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումը Հայաստան, ինչը վնասում է տեղում նույն ապրանքն արտադրողին․ - «Ներմուծման դեպքում, եթե Մաքսային միության երկրներից ես բերում, կա առավելություն՝ որ ժամանակ չես ծախսում սահմանի վրա, մեքենան կարող է գալ մինչև գործարան: Արտահանման դեպքում, ընդհակառակը՝ կան պրոբլեմներ, որովհետև ծավալները կրճատվել են, գումարները ուշ են վերադարձվում: Հիմա եթե Մաքսային միության երկրներ են գնում, ապա 90 օր պետք է տևի, մինչև այնտեղ հաշվառվի համապատասխան օրգաններում, որ ապրանքը արտահանվել է, հետո այդ փաստաթուղթը հետ գա Հայաստան, որ այստեղ ավելացված արժեքի հարկի հաշվանցում կատարվի: Այստեղ մենք տուժում ենք»:

Ըստ հայաստանյան պաշտոնական վիճակագրության, Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելուց հետո առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է մոտ 30 անգամ:

Մեդիաակումբում այսօր կայացած քննարկմանը տեսակամուրջի միջոցով մասնակցող ռուսաստանցի փորձագետ Արտյոմ Պիլինի պնդմամբ՝ հայաստանյան վիճակագրության մեջ արտացոլված այդ թվերը «տեխնիկական բացթողման արդյունք են»․ շատերը պարզապես չեն լրացրել վիճակագրական թերթիկները:

Ռուսաստանյան վիճակագրությունն այլ բան է փաստում․ Հայաստանից ներմուծումը կրճատվել է երկու անգամ:

Ռուս փորձագետի ձևակերպմամբ՝ սարսափելի ոչինչ չկա․ - «Այլ երկրներից Ռուսաստան ներմուծումը կրճատվում է, քանի որ տնտեսական անկումը Ռուսաստանում նվազեցրել է պահանջարկը, արժեզրկվել է ռուբլին, ինչը բացասաբար է ազդել հայկական ապրանքների մրցունակության վրա»:

Նա Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատման ևս մեկ պատճառ նշեց․ - «2013-14 թվականներին Ռուսաստանը հանել է վրացական ապրանքների վրա դրված էմբարգոն: Եվ վերջին երկու տարիներին ռուսական շուկա մտնող վրացական ապրանքները մասնակիորեն զբաղեցնում են նաև հայկականների տեղը»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույնպես չի հավատում հայաստանյան պաշտոնական վիճակագրության «աղետալի թվերին»: Ըստ նրա, առավել իրատեսական է արտահանման կրկնակի նվազումը, թեև դա ևս մեծ թիվ է․ - «Ռուսաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը և Հայաստանինը իրար հակառակ են գնում, հակառակ տրամաբանությամբ: Եվ շատ հասկանալի է՝ հակառակ շահեր ունեն: Այստեղ շահերի բախում է տեղի ունենում, և փորձել այս շրջանակներում ներկայացնել, որ Եվրասիական տնտեսական միությունը փրկություն է կամ փրկության օղակն է, որ Հայաստանին հնարավորություն կտա, այդ հեքիաթները պետք չէր ներկայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG