Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարը ներդրողներին կոչ է անում նայել «տնտեսության իրական հատվածին»


Տեսակետների խաչմերուկ, 18 ապրիլ, 2015թ.
please wait

No media source currently available

0:00 0:25:48 0:00

Կարեն Ճշմարիտյանի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները նախկինում հիմնականում չեն իրականացել

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության Երևանի գրասենյակի հյուրն այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է։

«Ազատություն». – Պարո՛ն Ճշմարիտյան, Արժույթի միջազգային հիմնադրամը գնալով վատթարացնում է Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումները։ Եթե ընդամենը անցած շաբաթ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը ասուլիսում հայտարարում էր, որ 2015-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 0 տոկոսին մոտ, այս շաբաթ արդեն հիմնադրամը հրապարակեց իր՝ World Economic Outlook-2015 զեկույցը, որտեղ Հայաստանի համար կանխատեսվում է արդեն 1 տոկոս տնտեսական անկում։ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ միջազգային տնտեսական կազմակերպությունների կողմից այլևս չեն հնչում։ Ո՞րն է պատճառը՝ Ձեր գնահատամամբ։

Ճշմարիտյան. – Նախ՝ շնորհակալություն հրավերի համար։ Եվ սա այն հարցն է, որն այսօր հետաքրքրում է բազմաթիվ և՛ տնտեսագետների, և՛ ոչ տնտեսագետների, որովհետև այնուամենայնիվ այս կանխատեսումները պոտենցիալ ներդրողների մոտ որոշակի սպասումներ են առաջացնում։ Եթե դրանք դրական են, ապա՝ դրական սպասումներ, եթե բացասական են, ապա՝ բացասական։ Այս առումով մեր դիտարկումները մի քիչ այլ բան են ցույց տալիս։ Հենց առաջին կանխատեսումից հետո մենք պարզապես շարքը հանեցինք՝ 2005 թվականից հետո միջազգային կազմակերպությունների կանխատեսումների, և վերջում՝ տարվա մեր ՀՆԱ-ի աճի կամ տնտեսական աճի։

«Ազատություն». – Շա՞տ են տարբերվում։

Ճշմարիտյան. – Բավականին։ Միայն 2011 թվականն է, որ 0.1 տոկոսի տարբերություն է տալիս։

«Ազատություն». – Չե՞ն իրականացել։

Ճշմարիտյան. – Հիմնականում ոչ։ Կա՛մ եղել են բարձր, կա՛մ եղել են ցածր։ Սա պարզապես որպես դիտարկում։ Ես բնավ նկատի չունեմ, որ այնտեղ կա ինչ-որ մի այլ մոտեցում, պարզապես ունեն մոդելներ, որոնցով իրենք հաշվարկում են։ Մասնավորապես, այս դեպքում, կարծում եմ, տրանսֆերտների կրճատումը, Ռուսաստանի հետ առևտրի կրճատումը, որոնք ուղղակի հաշվարկով միգուցե այդպիսի արդյունքների են գալիս, բայց ես ուզում եմ նշել հետևյալը, որ՝ նույն Արժույթի միջազգային հիմնադրամը երկու անգամ է ինստիտուցիոնալ առումով կանխատեսում անում. դա ապրիլ ամիսն է և հոկտեմբեր։ Եվ, օրինակ, անցյալ տարվա հոկտեմբերի կանխատեսումը՝ 2.6 տոկոս, այնուամենայնիվ դարձավ 3.4։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, ես չէի ուզի այսօր դրան անդրադառնալ այն առումով՝ սխալ է, թե ճիշտ։ Ես կուզենայի անդրադառնալ այլ առումով. մեր ներդրողներին կոչ անել, որ իրենք, այնուամենայնիվ, ավելի շատ իրական հատվածին նայեին, թե որտեղ ավելի շատ շահույթ կարող են ստանալ։ Եվ երկրորդ, որ՝ իրական հատվածում դրությունը մի քիչ այլ է։ Մասնավորապես, առաջին երկու ամիսներով մենք ունեինք 2.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանի, նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մեջ երկրորդն է՝ Ղազախստանից հետո։ Նշեմ, որ Բելառուսն ու Ռուսաստանը անկում են ունեցել։ Եվ այս եռամսյակի՝ մարտի տվյալները, կարծում եմ, որ ավելի դրական կլինեն։ Մենք մոնիթորինգ ենք անում և տեսնում ենք, որ օրինակ՝ եռամսյակով աճում են ադամանդագործությունը, աճ ունի հանքարդյունաբերությունը և՛ ծավալների, և՛ նույնիսկ արտահանման առումով։ Իսկ անկում ունեն՝ սննդարդյունաբերության արտադրանքը արտահանման առումով, բայց այդ անկումները օբյեկտիվ են։ Խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք հնարավորինս կանխարգելել, մեր գործարարներին ուղղորդել, թե ինչպիսի գործողություններ նրանք պիտի անեն, նրանց համար բացել նոր շուկաներ։ Բացել ասելով՝ նկատի ունեմ, որ Կառավարության գործառույթը այստեղ մեկն է՝ այն երկրները, որոնց հետ չենք ունեցել առևտուր կամ ունեցել ենք պակաս, նրանց հետ սահմանել առավել ազատական ռեժիմներ, նրանց հետ սահմանել առավել հնարավոր ուղղություններ կամ կանխորոշել դրանք, ելնելով մեր պոտենցիալից, մեր բիզնեսմենների ձգտումներից, և տանել այդ ուղղությամբ աշխատանքը։

«Ազատություն». – Տեսեք, Դուք էլ որոշակի խնդիրներ մատնանշեցիք, որոնք պետք է լուծել, Արժույթի միջազգային հիմնադրամն էլ է որոշակի խորհուրդ, հանձնարարական կամ խնդիրներ մատնանշում։ Ըստ նրանց՝ Հայաստանի իշխանությունները պետք է բարձրացնեն ներքին դիմադրողականությունը արտաքին, մասնավորապես՝ Ռուսաստանում ընթացող գործոնների ազդեցությունը մեղմելու համար, բարեփոխեն հարկային վարչարարությունը, բարելավեն բիզնես միջավայրը, նվազեցնեն 30 տոկոսի շեմը գերազանցող աղքատության ցուցանիշը։

Ճշմարիտյան. – Արժույթի միջազգային հիմնադրամը այս՝ ինչ նախանշում է, մեզ հետ բանակցությունների արդյունքում է անում, տարբեր գերատեսչությունների, Հանրապետության վարչապետի և փոխվարչապետի, բոլորի հետ խորհրդակցելուց հետո։ Այսինքն, սրանք մեզ համար անծանոթ կետեր չեն՝ սա մեկ։ Երկրորդ՝ ԱՄՀ կանխատեսումները, եթե որոշ առումով չեն էլ իրականանում, դրանք կախված են նրանից, որ նրանք ավելի զգուշավոր են, որովհետև իրենք ուղղակի մոնետար քաղաքականության հետ են շփվում և նրանց մոտեցումները ավելի խիստ են հենց ֆիսկալ իմաստով։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի կանխատեսումները ավելի մոտ են իրական հատվածին, մեր ուսումնասիրությունները դա են ցույց տալիս։

Այնուամենայնիվ, սրանք այն միջոցներն են՝ կան բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց իրականացման պարագայում մենք կարող ենք ավելի լավ աճ ունենալ և նույնիսկ ընդհանրապես չմտածել այս տարվա ցուցանիշների մասին։

«Ազատություն». – Բայց Դուք չէիք բացառել, որ Կառավարությունը կարող է վերանայել այս տարվա վերաբերյալ պետբյուջեում սահմանված թիվը։

Ճշմարիտյան. – Ես ասել եմ՝ առայժմ դրա համար հիմքեր չկան։ Նկատի ունեմ, որ այն գործողությունները, նույն միջազգյաին կազմակերպությունների հետ համաձայնեցված, իրենց խորհրդով կամ մեր առաջարկներով, դրանք այն միջոցառումներն են, որոնք այդ դիմադրողականության առումով բավականին մեծացնելու են հնարավորությունները։

Առաջինը՝ դա ներքին ռեսուրսների մոբիլիզացիան է, այսինքն՝ այն էներգիան, որը գոյություն ունի ներսում, ավելի արդյունավետ օգտագործելը։ Եվ արտաքին գործոնների ազդեցությունը մեղմելը. դրա մեկ տարբերակ կա՝ արտահանման իմաստով դիվերսիֆիկացնել։ Մենք, օրինակ, մի ամբողջ մայրցամաք բաց ենք թողել՝ Աֆրիկան։ Ընդհանրապես մեր առևտրի մեջ միայն Եգիպտոսի, Ալժիրի մասով է փոքր մաս եղել։

«Ազատություն». – Ռեսուրս տեսնո՞ւմ եք, որ Հայաստանն արտահանումներ անի Աֆրիկա։

Ճշմարիտյան. – Այո՛, ինչո՞ւ ոչ։ Մենք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքներ ենք արտահանում Եվրամիություն, Միացյալ Նահանգներ։ Աֆրիկան մեզ համար բավականին լուրջ ծավալ կարող է ապահովել, եթե այնտեղ մենք ակտիվ աշխատենք։ Եվ մարոկացի բիզնեսմենների հետ հանդիպումն էլ դա ցույց տվեց, իրենք էլ հետաքրքրություն ունեն։

«Ազատություն». – Եղած շուկաներից խոսենք։ ԵՏՄ անդամակցության առաջին իսկ ամիսներին արտահանման ծավալները դեպի Եվրասիական միության անդամ երկրներ զգալիորեն նվազել են, առևտրային հարաբերությունների անկում է նկատվում։ Սա արդյո՞ք վկայություն չէ, որ ԵՏՄ-ն, գոնե առայժմ, չի կարողանում դրսևորել իրեն որպես լիարժեք տնտեսական գործընկեր, ինչի հետ կապված հիշեցնեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո լավատեսական կանխատեսումները բազմաթիվ էին։

Ճշմարիտյան. – Նախ՝ կապել մեկը մյուսի հետ՝ տնտեսագիտորեն ճիշտ չէ, որովհետև մեր անդամակցությունը չեմ կարծում այդքան բացասական ազդեց Եվրասիական տնտեսական միության վրա, որ նրանց մոտ տվյալների անկում եղավ և երկրների միջև առևտրի անկում։ Նույնիսկ եթե այդ կազմակերպությունը չլիներ՝ ընդհանրապես, և Ռուսաստանում այդ գործընթացները ընթանային, բոլոր անդամ երկրների համար նույն իրավիճակն էր լինելու, միգուցե ավելի վատ, որովհետև այն սահմանափակումները, որ Ռուսաստանը կիրառում է այլ երկրների նկատմամբ, միգուցե դրանք ևս մեկ գործոն դառնային, որ ազդեր անդամ երկրների առևտրի ծավալների կամ փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա։ Եվ այս դեպքում մենք ինչպե՞ս պիտի գնահատենք։ Այսինքն՝ պրոցեսները, որոնք ընթանում են՝ ազատ առևտրի դեպքում, Մաքսային միության դեպքում, ավելի քիչ են ազդում այն իմաստով, որ բիզնեսի համար որոշակի պարզեցումներ են գնացել մաքսային ձևակերպումների առումով, ընդհանրական շուկայի, կապիտալի շուկայի մատչելիության առումով։ Ճիշտ է, ավելացել են նաև ոչ տարիֆային որոշակի սահմանափակումներ, որոնք վերաբերում են երրորդ երկրների, բայց այնտեղ մենք մաքսիմալ մեղմել ենք։ Այսինքն՝ ավելացել են որոշակի լիցենզիաներ, բայց մենք տալիս ենք ավտոմատ ձևով, և մեր բիզնեսմենը դրանց ծանրությունը ընդհանրապես չի զգացել, և դա մեկ այլ շատ կարևոր հանգամանք է։

Կա մեկ այլ շատ կարևոր հանգամանք։ Եթե մենք ավելի շուտ անդամակցած լինեինք, այս սպասման պահը, որ առաջին մեկ ամսում այնուամենայնիվ գոյություն ուներ, միգուցե դրա ազդեցությունը ավելի մեղմվեր։

«Ազատություն». – Մինչ այժմ արտաքին բացասական կանխատեսումների մասին էինք խոսում, հիմա ներքին հոռետեսական մի մեկնաբանություն, որն արել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իր վերջին հարցազրույցում նշել էր, թե վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է, արտաքին պարտքը շարունակում է աճել դրա կառուցվածքի վատթարացմամբ և վերջին փոխառությունը՝ տարեկան 7.5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք։ Եվ, ըստ նրա, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանն ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում։

Ճշմարիտյան. – Ես արդեն նշեցի այն քայլերը, որոնք արվում են և այն միջոցառումները, որոնք ընդգրկված են եղել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նաև այդ ռիսկերն են նախատեսել։ Դեռևս 2013 թվականի ապրիլից որոշակի նախանշաններ կային, որ Ռուսաստանի Դաշնությունում այնուամենայնիվ որոշակի բացասական ուղղություններ են լինելու։ Երկրորդ՝ ավելի շատ ազդեցությունները ոչ թե հենց այդ սանկցիաների առումով էին, այլ հենց նավթի գների անկման։

Այս առումով, այն միջոցառումները որոնք իրականացվում են այսօր, եթե մենք համեմատելու լինենք տարածաշրջանի երկրների հետ, ապա կտեսնենք, որ դրամի արժեզրկումը ավելի պակաս է, քան, օրինակ, լարիինը։ Կտեսնենք, որ տնտեսական ցուցանիշներով ավելի պակաս անկումներ կան, շեղումներ կան, քան տարածաշրջանի այլ երկրներում, նույնիսկ՝ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, որոնք այս պրոցեսում ընկել են որոշակի սանկցիաների տակ իրենց ապրանքների արտահանմամբ։

Միջոցառումները բազմաթիվ են՝ սկսած ներդրումային դաշտի խթանումից, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումից, որոնք այս առումով լուրջ մուլտիպլիկատոր կարող են ապահովել։

Եվ մեկ կարևոր հարց էլ կա. Այստեղ մի խնդիր կա, որը վարչապետի ուշադրության կենտրոնում է։ Տնտեսագիտական իմաստով շատ կարևոր է՝ դա եկամուտների առավել տարածված վերաբաշխման խնդիրն է։ Այսինքն՝ փոքր-փոքր տարածված ծրագրերը մարզերում ավելի մեծ էֆեկտիվություն կարող են ապահովել՝ զուգահեռելով դրանք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի հետ։ Ե՛վ Արժույթի միջազգյաին հիմնադրամը, և՛ Համաշխարհային բանկը, և՛ Ասիական բանկը այս առումով բավական լուրջ աջակցություն են ցուցաբերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG