Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը կնշանակվի ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ


ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյան, արխիվ
ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյան, արխիվ

2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը անցնելու է Հայաստանին, իսկ ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այժմ Հայաստանի դեսպանն է ԱՄՆ-ում:

Այս մասին հայտարարվել է այսօր Ղազախստանում կայացած ԵՏՄ-ի գագաթաժողովում՝ անդամ հինգ երկրների ղեկավարների նիստին:

«Մենք որոշում ընդունեցինք, թե փետրվարի 1-ից՝ Ռուսաստանից հետո, ով է լինելու, Վիկտոր Խրիստենկոյից հետո ով է գլխավորելու մեր հանձնաժողովը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին,- «ասացեք խնդրեմ Հայաստանի ներկայացուցչի անուն-ազգանունը»:

«Սարգսյան Տիգրան Սուրենովիչ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը:

«Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, ով նրա հետ աշխատել է: Ասում են շատ փորձառու, զարգացած մասնագետ է»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ներկա պահին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոն է, իսկ ԵՏՄ-ում այժմ նախագահում է Բելառուսը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերին՝ Մոսկվայում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ այդ կձևավորվի 10 անդամներից կազմված հանձնաժողովը՝ յուրաքանչյուր երկրից երկու անդամ կնշանակվի: Ըստ էության այդ հանձնաժողովի անդամը ԵՏՄ նախարարի կարգավիճակի նման պաշտոն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG