Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ անհրաժեշտ էր հատկապես վերջին երկու տարվա այն քաղաքականության ֆոնին, որտեղ Հայաստանը պարբերաբար հանդես էր գալիս գրեթե ռուսական շահերի կցորդի դերում։ Այդ մասին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրի ժամանակ՝ ընդգծելով, որ, այդ առումով, Սերժ Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներ այցը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայության պայմաններում շատ կարևոր էր։
Քաղաքագետը հատկապես առանձնացրեց Հայաստանի նախագահի ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած խաղաղապահության գագաթնաժողովին։
Հիշեցնենք, Սարգսյանը իր այդ ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներին ու կառույցներին՝ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում առանցքային դերակատարության համար: Նախագահը նշեց, որ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում: «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ», - ասաց Սերժ Սարգսյանը։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ նախագահը փաստացի վերահաստատեց Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության համակարգի խաղաղապահ առաքելություններին, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների դերը Հայաստանի խաղաղապահ բրիգադի կազմավորման և գործունեության հարցում։
«Դա հատկապես կարևոր էր Դուշանբեում Սերժ Սարգսյանի ելույթի ֆոնին՝ ՀԱՊԿ խաղաղապահների մասով, հատկապես Հայաստանում նրանց կենտրոն բացելու մասին, որը բավական բազմիմաստ և բավականին մտահոգիչ երանգներով ելույթ էր, և այդ առումով հավասարակշռող շատ կարևոր նշանակություն ուներ։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, թե որքանով էր ամերիկյան այցը ընդամենը առավելապես ձևական և առավելապես առերևույթ տպավորություն թողնելու նպատակ հետապնդում և որքանով էր ինքը իսկապես քաղաքական բովանդակային փոփոխության նախանշան այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գոնե մի փոքր հավասարակշռվելու, կարծում եմ՝ նույնիսկ կենսական անհրաժեշտություն ունի, հաշվի առնելով լարված իրավիճակը տարածաշրջանում», - ասաց վերլուծաբանը։
Մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը, Սերժ Սարգսյանը Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, հայտարարել էր. - «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»:
Դիտարկմանը, թե այս նախադասության մեջ տեսնում ենք, որ ակնհայտորեն Հայաստանի առաջին դեմքը Ղարաբաղը ճանաչում է իբրև Հայաստանի մաս, և հարցին, թե ի՞նչ է սա նշանակում, հատկապես որ այսպիսի հայտարարությունից հետո զարմանալիորեն միջազգային որևէ ատյանից որևէ քննադատություն Սերժ Սարգսյանի հասցեին չհնչեց, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. - «Շատ դժվար է ասել՝ եթե, օրինակ, այդպիսի հայտարարություն հնչեր, ասենք, ՄԱԿ-ի ամբիոնից, որևէ միջազգային ամբիոնից, ինչպիսին կլիներ միջազգային հանրության արձագանքն այդ դեպքում, ասենք՝ նույն Մինսկի խմբի։ Հակված եմ կարծել, որ առավելապես այդ հայտարարությունն ընկալվել է իբրև Հայաստանի ներսում հոգեբանական ազդեցության, և համաձայն եմ, որ նաև ավելի շատ Ադրբեջանին մեսիջ էր, Ադրբեջանին ուղղված հայտարարություն էր, և այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը և Մինսկի խումբը որոշակի չեզոքություն պահեց այդ հայտարարության հանդեպ»։
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման սեպտեմբերի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ