Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին ԼՂ-ին հատկացված աջակցության համար


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԱՄՆ-ի Կոնգրեսում
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԱՄՆ-ի Կոնգրեսում

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ժողովրդին և Միացյալ Նահանգների Կոնգրեսին Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կենսական նշանակություն ունի Ղարաբաղի ժողովրդի համար:

Միացյալ Նահանգները Ղարաբաղին օգնություն սկսել է տրամադրել 1998 թվականից, որն առայսօր կազմել է շուրջ 61 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, ամերիկյան կառավարությունը Կոնգրեսի կողմից հատկացված օգնության միայն 41 տոկոսն է օգտագործել Ղարաբաղի համար նախատեսված ծրագրերի շրջանակներում: Ամերիկայի հայկական կազմակերպությունները հորդորել են ԱՄՆ-ի Կոնգրեսին և կառավարությանը՝ այս տարի Ղարաբաղին հատկացնել 5 միլիոն դոլար, ևս 40 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին:

«Շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է»,- ասել է Հայաստանի նախագահը։

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, որտեղ երեկ մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ Հայաստանի նախագահի կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

Ղարաբաղին հատկացվող շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելուց բացի, Սերժ Սարգսյանը կոնգրեսականներին և ԱՄՆ-ի Կոնգրեսին երախտագիտություն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

«Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում: Վստահ եմ, որ Ձեր կատարած աշխատանքն անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Կոնգրեսում հյուրընկալվելուց բացի՝ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև «Ամերիկայի հայկական համագումարի» ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի դաշնակցության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը խոսել է Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակի մասին, նաև ներկայացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի վեհաժողովում ունեցած ելույթի շեշտադրումները: Հիշեցնենք, այդ ելույթում Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Հայաստանը կդիմի կոնկրետ քայլերի:

«Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,- ասել էր նա:

Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, ըստ պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում նրանց ապաստան տալու, նաև Սիրիայում նրանց աջակցություն ցուցաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG