Մատչելիության հղումներ

Հանրապետականը «Ոչ»-ի ճակատին կոռեկտության կոչ է անում


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Ոչ»-ի ակտիվիստները հայտարարում են մայրաքաղաքում և մարզերում գործողություններ սկսելու՝ իրենց ծրագրերի մասին:

Իշխող հանրապետականը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատին իրենց գնահատականներում կոռեկտ լինելու կոչ է անում։ Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ճակատի այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ քվեարկող պատգամավորները դավաճաններ են, ընդդիմախոսներին կոչ արեց ելույթներում պահպանել քաղաքական էթիկետը։

«Կլինեն, մարդիկ, որ դեմ են, կամ կողմ են, կլինի նաև երրորդ կողմ, որ դեռ չեն կողմնորոշվել, դա ժողովրդավարության կանոնն է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Եկող շաբաթ Խորհրդարանում արդեն քվեարկության կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Երեկ առաջին երևանյան հանրահավաքի ընթացքում «Ոչ»-ի ճակատը միավորած «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը ԱԺ-ում մեկնարկելիք նիստին զուգահեռ, «Ոչ»-ի ճակատը խորհրդարանի մոտ բողոքի ցույց կանցկացնի։

Չնայած անձրևային եղանակին, երեկ Ազատության հրապարակը գրեթե կիսով չափ լի էր ցուցարարներով։ «Ոչ»-ի ճակատը հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման մեկնարկի մասին։ Շուրջ 30-ից ավելի ուժեր միավորած՝ «Չեք անցկացնի» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, թե պատրաստվում են բոլոր մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներ անցկացնել, ավելի կոնկրետ խոսել իրենց անելիքների մասին և «նրանց հետ Հայաստանը դնել ժողովրդավարացման ուղղու վրա»:

Ելույթ ունեցողները հայտարարում էին, որ «Այո»-ի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան կեղծ է, և վստահ են, որ «Ոչ»-ը հաղթելու է։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ապա գալիք հանրաքվեն վերջինը կլինի Հայաստանում։ Նրա խոսքով, Նոր սահմանադրությամբ իշխանությունը հավերժանալու է Սերժ Սարգսյանի և հանրապետական կուսակցության ձեռքում։

Հիմնադիր խորհրդարանից Գևորգ Սաֆարյանն էլ բոլորին փողոց դուրս գալու կոչ արեց և պնդեց, որ բոլոր հարցերը հնարավոր է միայն փողոցում լուծել։

Այս պահին սահմանադարական փոփոխությունների դեմ պայքարող երկու ճակատ կա՝ մեկը «Ոչ»-ն է, մյուսը՝ հանրային փրկության ճակատը։ Այս երկու ճակատներին էլ միացած՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրսյանն էլ միասնականության կոչ արեց և ասաց, որ միայն այդ դեպքում ընդդիմությունը կկարողանա հաջողության հասնել։

«Արմատական փոփոխություններ են պետք, որը պետք է սկսվի իշխանափոխությունից»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով: Երթին մասնակցում էին նաև «Ոչ»-ի ճակատին չմիացած արտախորհրդարանական այլ ընդդիմադիր ուժեր՝ «Նոր ժամանակներ», «Ալյանս» կուսակցությունների ներկայացուցիչները: Երթի առաջին շարքերում էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում խոսքով, միասնականության մասին հայտարարելը վաղաժամ է։

«Չնայած էդ բոլոր տարաձայնություններին, տարընթերցումներին, մի հասկանալի է՝ մենք պիտի միասին փորձենք առաջին քայլն անել»,- «Ազատությանն» ասաց Հայրիկյանը:

XS
SM
MD
LG