Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ո՛չ»-ի ճակատի երևանյան առաջին հանրահավաքը: Հիշեցնենք սեպտեմբերի 25-ին «Ո՛չ»-ի շարժմանը միացած ուժերը հանրահավաք անցկացրին Գյումրիում:
Երևանում հանրահավաքի ժամանակ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ չի կարելի գնալ արկածի, երբ Հայաստանը կառավարման համակարգ փոխելու կարիքը բացարձակապես չունի:
«Սերժ Սարգսյանը, հիշելով իր կոմունիստական անցյալը, որոշել է դառնալ ռայկոմի քարտուղար, երբ լինելով կուսակցության գլուխ, որոշում են բոլոր հարցերը․ գենսեկ: Եվ եթե էդ գենսեկության հետ կարողանա համատեղել վարչապետի պաշտոնը, ինչու ոչ»:
«Անկախությունից 25 տարի հետո էս մարդը որոշել է ամեն ինչ հետ պտտել, որ ամեն ինչ ղեկավարվի մեկի կողմից»:
«Եթե հանկարծ մենք քվեարկեցինք, սա լինելու է վերջին քվեարկությունը: Այս հանրաքվեի քվեարկությունից հետո Հայաստանում այլևս քվեարկություն չի լինելու․ օրենսդրորեն, սահմանադրորեն հավերժանալու է Սերժի և Հանրապետականի իշխանությունը», - ասաց Արամ Մանուկյանը:
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ վաղվանից նախապատրաստվում են բոլոր մարզերում անցկացնել հանդիպումներ քաղաքացիների հետ, ավելի կոնկրետ խոսել իրենց անելիքների մասին և «նրանց հետ այս երկիրը դնել ժողովրդավարացման ճանապարհին»:
Այսօր հրապարակում էին նաև «Ո՛չ»-ի ճակատին չմիացած արտախորհրդարանական ուժեր՝ «Նոր ժամանակներ», «Ալյանս», ԱԻՄ կուսակցությունների անդամները: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ երկու շարժում է ձևավորվել՝ «Հանրային փրկության» ճակատը և «Ո՛չ»-ի ճակատը:
«Ոչ»-ի երկու ճակատների միասնականության մասին խոսել դեռ վաղաժամ է, բայց որ նպատակը և ցանկությունները, ընդհանուր առմամբ, գոնե առաջին փուլում նույնն են, այո», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը նշեց, որ այս հանրահավաքով արձանագրեցին, որ «կոնսենսուս գոյություն չունի սահմանադրական փոփոխությունների համար»: Մուսախանյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը բողոքի ցույց են անցկացնելու Ազգային ժողովի առջև:
«Չեմ կարծում, որ երկրորդ կամ երրորդ միջոցառումը շատ ազդեցիկ կլինի և կկարողանա փոխել այն պատգամավորների մոտեցումը, որոնք կողմ պետք է քվեարկեն, բայց ժողովրդին ոտքի հանելու, ցույց տալու, որ բացարձակ չկա կոնսենսուս, միասնականություն Սահմանադրությունը փոխելու հարցում, այդ նպատակին կծառայի», - պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: