Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյան. Նոր Սահմանադրությունը քանդում է պետության հիմքերը


Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահի խոսքով, ՀԱԿ-ը միացել է «Ոչ»-ի ճակատին և պայքարելու է։

«Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քանդում են պետության հիմքերը», - այսօր հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը մայր օրենքի փոփոխությունները «ավանտյուրա» որակեց՝ պնդելով, որ բարեփոխման մասին իշխանությունների հայտարարությունները «կեղծ են»։

«Սահմանադրությանը բարեփոխում չէ, դա Սահմանադրության փոփոխություն է։ Դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ, նոր Սահմանադրություն են ընդունում, թող չկեղծեն։ Սա նոր Սահմանադրություն է, որը քանդում է պետության հիմքերը», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հարցին, թե «Ոչ»-ի ճակատը կհաղթի՞, Տեր-Պետրոսյանը պատասխանեց. - «Ձեզնից է կախված»։

Հայաստանի առաջին նախագահը սահմանադրական բարեփոխումներին վերջին մի քանի ամիսներին չէր անդրադարձել։ Ասաց՝ իր գործընկերները դա փայլուն են անում։

Թեև յոթ հոգանոց խմբակցությունում այս հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում չկա, սակայն ՀԱԿ-ի առաջնորդը նաև բարձր գնահատեց խմբակցության աշխատանքը՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող քննարկումների ժամանակ։ «Հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը և ընդգծել նաև Ստեփան Դեմիրճյանի հստակ դիրքորոշումը այս հարցում, խիզախ դիրքորոշումը։ Ես Դեմիրճյանին և նրա կուսակցությանը համարում եմ մեր ամենապարկեշտ և կոռեկտ պարտնյորը», - ասաց Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի ունեցած խորհրդի և վարչության նիստերին մասնակցելու համար Երևան էին ժամանել կուսակցականներ ամբողջ հանրապետությունից։

Տեր-Պետրոսյանը իր ելույթում բարձր գնահատեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը։ «Հրաշալի մտավորականներ են այնտեղ հավաքված՝ երիտասարդ, և ես մեծ հույսեր եմ կապում այդ նախաձեռնության հետ։ Մենք համակողմանիորեն համագործակցում ենք այդ նախաձեռնության հետ», - ասաց ՀԱԿ-ի առաջնորդը։

ՀԱԿ-ի հավաքն այսօր տոնական էր. 24 տարի առաջ Անկախության հռչակագիրը ընթերցած Արամ Մանուկյանը իր ելույթում ասաց, որ Հայաստանը անկախությունը կորցնելու ճանապարհին է հիմա, և պետք է համախմբվել, տեր կանգնել անկախությանը և թույլ չտալ փոխել Սահմանադրությունը։ «Անկախական ջանքերն այսօր ավելի քիչ են, քան այսօր դրան հակառակ կազմակերպվող ջանքերը», - ասաց Մանուկյանը։

Պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց՝ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, մի կազմակերպություն, որի անդամ որևէ պետություն 70-ամյա պատմության մեջ չի վերացել։ «Այո՛, կա հիմա մի, ինչպես կլասիկն է ասել [Սերժ Սարգսյանը], գաղջ մթնոլորտ, բայց գաղջը շուտով կցնդի։ Ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ այս ավազակաբարո իշխանությունը հեռանալու է վաղ թե ուշ, իհարկե՝ որքան վաղ, այնքան լավ կլիներ այս ժողովրդի համար, բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի», - ասաց ՀԱԿ-ի առաջնորդը։

Ի դեպ, առաջին նախագահի այսօրվա ելույթը ծրագրված չէր։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության»-ը ասաց, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը սահմանադրական փոփոխություններին ավելի հանգամանալից կանդրադառնա։ Նրա խոսքով, ՀԱԿ-ի առաջնորդը նաև կմասնակցի «Ոչ»-ի ճակատի պայքարին, հրապարակ կգա։

XS
SM
MD
LG