Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի հասցեին նախագահի մեղադրանքները «ծանրակշիռ կլինեն Եվրադատարանի համար»


Շահեն (ձախից) և Շանթ Հարությունյանները դատարանի դահլիճում: 15-ը հոկտեմբերի, 2014 թ․
Շահեն (ձախից) և Շանթ Հարությունյանները դատարանի դահլիճում: 15-ը հոկտեմբերի, 2014 թ․

Փաստաբանների համար ակնհայտ է, որ խաղաղ երթի անցկացման, խոսքի ազատության իրավունքներից զատ, խախտված են նաև 2013-ի նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների անմեղության կանխավարկածն ու արդար դատաքննության իրավունքը։

Եվրադատարանում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների բողոքների քննության համար, նույն գործով անցնող Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի համոզմամբ, ծանրակշիռ նշանակություն կարող է ունենալ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կոլումբիայի համալսարանում, երբ նա հայտարարեց, որ Շանթը հանցագործություն է կատարել։

Խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանի և 5 տարով ազատազրկված Վարդան Վարդանյանի բողոքները պաշտպան Ինեսա Պետրոսյանն արդեն ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մյուսներինը նրանց փաստաբաններն առաջիկայում կուղարկեն։

«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը կասկածից վեր է համարում, որ այս գործով դատապատվածները «քաղբանտարկյալներ են». - «Եթե նրանք արել էին խուլիգանություն, կարող էին նրանց, ենթադրենք, 50 հազար տուգանեին և բաց թողնեին: Կարող էին լավագույն դեպքում վեց ամիս կալանքի տակ պահեին ու բաց թողեին: Բայց մարդկանց տալիս են սկսած 4 տարուց մինչև 7 տարի: Ոստիկանությունը ինքը սադրանք է սարքում, և այդ սադրանքի պատճառով էլ տուժում են այդ նույն երիտասարդները, և հետո պարզվում է, որ իրենք էլ պետք է դատվեն»:

Փաստաբանների համար ակնհայտ է, որ խաղաղ երթի անցկացման, խոսքի ազատության իրավունքներից զատ, խախտված են նաև 2013-ի նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների անմեղության կանխավարկածն ու արդար դատաքննության իրավունքը։ Նրանք այստեղ առանցքային են համարում Սերժ Սարգսյանի 2014-ի սեպտեմբերի ելույթը, երբ դատավճռից մեկ ամիս առաջ նախագահը Շանթ Հարությունյանին որակելով հանցագործ՝ հարցրեց․ - «Ինչո՞ւ, Միացյալ Նահանգներում հանցագործություն կատարած մարդուն չե՞ն դատապարտում»։

«Նման պայմաններում, երբ երկրի առաջին դեմքը հստակ իր դիրքորոշումներն է հայտնում տվյալ գործի վերաբերյալ, ակնհայտ է, որ մեր Հայաստանի Հանրապետությունում չէր գտնվի մի դատավոր, որ համարձակվեր նախագահի ասածին հակառակ դիրքորոշում հայտնել: Սա էր պատճառը, որ ես պաշտպանական ճառում դիմեցի ոչ թե դատարանին, այլ դիմեցի Հայաստանի Հանրապետության նախագահին: Անմեղության կանխավարկածի հետ զուգահեռ՝ դա հստակ մեսիջ էր, ճնշման մեսիջ էր դատարանի վրա: Ու այս հանգամանքը հաստատվում է նաև այն փաստով, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ միաձայն ասացին, որ նախագահի նման հայտարարությունը չի կարող ոչ մի կերպ ազդել անմեղության կանխավարկածի վրա: Այդ թվում խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախագահին, արդարադատության նախարարին և մի շարք այլ պաշտոնյաների: Այսինքն, որևէ մեկը մեր պետությունում, ցավոք սրտի, չի կարող հայտնել նախագահի հայտնած դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում: Որևիցե դատավոր կարո՞ղ է էս պարագայում համարձակվեր ասել, որ խուլիգանություն տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ այն դատավորը, որը որ համարձակվեր նման դիրքորոշում հայտնել, շատ կարճ ժամանակահատված հետո կդադարեր դատավոր լինելուց», - ասաց Արա Զաքարյանը:

Այս իրավիճակում իրավապաշտպանները ակնհայտ են համարում, որ նախագահը հստակ խնդիր էր լուծում։

«Նրանք մեզ էին վախեցնում: Որովհետև տվյալ դեպքում և՛ Շանթը, և՛ ընկերները գաղափարի մարդիկ են և թքած ունեն, կներեք արտահայտությանս, որ իրանց տվեցին 4 տարի կամ 7 տարի: Նպատակն էր ընդհանրապես հասարակությանը հասկացնելու, որ մենք ենք, մեր դեմ խաղ չկա: Տեսեք, Շանթը բողոքեց իր ընկերներով, ուր հասավ, ինչի հասավ: Մի հատ ծպտուն էլ դուք հանեցիք, դուք էլ եք գնալու մի հինգ-վեց տարով ընդեղ նստելու: Դրա շարունակությունը Հայկ Կյուրեղյանն էր․ մարդուն 9 տարի են տվել, ինչո՞ւ համար՝ որովհետև նա մանկական կամ օդամղիչ զենքով կրակել է», - ասաց Ֆելիքս Հայրապետյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ Հայաստանն այս գործով հերթական անգամ տուգանվելու է, և հերթական անգամ շարքային հարկատուներն են իրենց գրպանից վճարելու «իշխանությունների կամայականությունների համար». - «Սա կլինի Հայաստանի հերթական խայտառակությունը: Մի ամբողջ երկիր է խայտառակվում Սերժ Սարգսյանի կամայական հրահանգի համար»:

XS
SM
MD
LG