Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարությունը. առաջին ատյանի դատարանի կողմից 1-7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթն ու ընկերները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռնն ու արդարացման որոշում կայացնել։
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա, նրա 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին 4 տարվա ազատազրկման, որը սակայն փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ, իսկ քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրվող մյուս 11 մասնակիցներին 1-7 տարվա ազատազրկման։
2013 թվականի նոյեմբերի 5-ին իշխանությունների վարած քաղաքականության դեմ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիայի դուրս եկած այս քաղաքացիները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում և հաշվեհարդար։
4.5 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը հայտարարեց իր անմեղության մասին՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի վճռում բազմաթիվ հակասություններ կան, որոնք վկայում են դատարանի անարդար լինելու մասին։
«Ոչ մի բան չի համապատասխանում մեր ցուցմունքների հետ. վերաձևակերպված է, վերաիմաստավորված է, կարող եք դնել համեմատել ձայնագրությունները, մեր ցուցմունքները չի համապատասխանում ոչ մի բանին, այն ինչ-որ պետք է ի օգուտ մեզ դատարանը նայեր, կամ, ասենք, նույն քննչական մարմինները, որ պետք է երկկողմանի քննություն տանեին, տարել են միակողմանի ու ամբողջությամբ մեր դեմ», - ասաց Հարությունյանը։
5.5 տարվա ազատազրկման դատապարտված Սևակ Մնացականյանն իր խոսքում ընդգծեց, որ առաջին ատյանի դատավճիռը ընդամենը հիմնավորեց այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է։
5 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիս Ավետիսյանը միանալով ընկերների՝ իրենց արդարացնելու պահանջին՝ միաժամանակ շեշտեց՝ չի հավատում, որ վերաքննիչ ատյանը արդար կգտնվի. - «Պահանջս արդարացումն է, չնայած վստահ եմ, որ չի լինելու»։
2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանին դատավորը թույլ չտվեց խոսել՝ պատճառաբանելով, թե նրա պաշտպանը նիստին ներկա չէ։ Դա հարուցեց Հովհաննիսյանի և նրա ընկերների զայրույթը։
Շանթի որդին՝ 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված անչափահաս Շահեն Հարությունյանը դատարանին խնդրեց լսել իր հայտարարությունը՝ նա դիմեց երկրի նախագահին ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչով պահպանել իր ու իր ընտանիքի անդորրը։ Հայտարարության տեքստը դատավորը ընթերցել չթույլատրեց՝ հորդորելով տեքստն ընթերցել հայտարարությունների ժամին։
6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր դատարանում որևէ հայտարարություն չարեց։
Նիստից հետո, «Ազատության» հետ զրույցում ամենախիստը՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեափանյանն ասաց, որ առավոտյան դատարան գալիս քիչ թե շատ դրական հույսեր ուներ, դրանք, սակայն, դատական այս նիստի ընթացքում մարեցին։
4 ամբաստանյալների՝ Միսաք Առաքելյանի, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, չնայած Առաջին ատյանի դատարանի սխալներին, արդարադատության հույս, այնուամենայնիվ, ունի։
«Տեղի է ունեցել խաղաղ հավաք, դա ապացուցված փաստ է, ոստիկաներն են հայտարարել իրենց ցուցմունքներում, հավաքը սահամանափակվել է ոչ իրավաչափորեն, կիրառվել է ֆիզիկական ուժ, իսկ մեր վստահորդները ֆիզիկական ուժին հակադրվել են, որն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության սահմանների մեջ տեղավորվող գործողություն է, և գործն այս ուղղությամբ պետք է ընթանար և արարքներին ավելի ճիշտ՝ քրեական գնահատական պետք է տրվեր՝ հենց անհրաժեշտ պաշտպանության համատեքստում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Դատական նիստին հետևող իրավապաշտպաններից Արթուր Սաքունցը նշեց, որ ինքը ևս հրաշքների չի սպասում. - «Հայաստանում հրաշքներ տեղի չեն ունենում, տեղի են ունենում այն տեսակետից, երբ որ «լիսկայի» թիկնապահի կամ որդու նկատմամբ են քրեական հետապնդումը դադարեցնում։ Այդ դա իրապես անակնկալ է, դա հրապարակավ մարտահրավեր է։ Չեմ կարծում, որ դատարանը դեմ գնա Սերժ Սարգսյանի որոշմանը»
Հաջորդ դատական նսիտը հունվարի 16-ին է։