Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.
Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Հայկ Կյուրեղյանն այսօր ինքը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Անցած տարվա հունիսին դատարանի բակում կայանված մեքենայի վրա բարձրացած և օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած 31-ամյա երիտասարդին դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

Խիստ պատժի արժանացած Հայկ Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին է պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը, ըստ մեղադրականի, պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու և մեջքով դեպի դատարանը շրջվելու համար ամբաստանյալը, ինչպես նախորդ դատական նիստերի մեծ մասի դեպքում, այսօր էլ հեռացվեց դահլիճից՝ զրկվելով անգամ սեփական վճիռը լսելու հնարավորությունից։

Այսօր վճիռը լսելու հնարավորությունից զրկված էին նաև Կյուրեղյանի հարազատները ու համախոհները․ նախորդ դատական նիստը խոչընդոտելու պատճառաբանությամբ դատարանը նրանց նույնպես հեռացրել էր դահլիճից։ Որդուն 9 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Արմենակ Կյուրեղյանը տեղեկացավ դատարանի բակում: Նրա խոսքով՝ այս վճռով իշխանությունը վրեժխնդիր եղավ Հայկից։

«Իշխանություններն այնքան են թուլացել, որ իրենց համար ուժի ցուցադրությունը դարձել է գլխավոր նպատակ: Այս 9 տարին ընդունել են, որպեսզի ցույց տան, որ իրենք ուժեղ են, իրենք թույլ չեն, բայց իրենք գնում են շատ վատ ճանապարհով և Հայաստանը տանում են շատ վատ ճանապարհով», - մեզ հետ զրույցում ասաց նա:

Հարազատներն առայժմ չեն կողմնորոշվել՝ բողոքարկել վճիռը, թե ոչ, սակայն հայրն ընդգծում է՝ դատավարությունը ամբողջ ընթացքն անցավ բազմաթիվ խախտումներով։

«Հրապարակայնության խախտում, Հայկի իրավունքների խախտում: Ժողովրդին դուրս են հանել, և այսօր ժողովուրդը նորից չկարողացավ մտնել: Ասում է՝ ժողովուրդը հեռացված է նիստերի դահլիճից: Ի՞նչ է դա», - հարցնում էր Արմենակ Կյուրեղյանը և հավելում․ - «Ընդհանրապես չի տեղավորվում տրամաբանության մեջ, բայց այս երկրի տրամաբանության մեջ տեղավորվում է»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի բակում այսօր ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի բողոքի ակցիա էին կազմակերպել նաև տասնյակ համախոհներ և իրավապաշտպաններ: Նրանք հայտարարում էին, որ այսօր քաղբանտարկյալների թիվը Հայաստանում ավելացավ ևս մեկով։

Ըստ մեղադրականի, 2013 թվականի նոյեմբերի 5-ի «արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությունյանի ազատության համար դատարանի բակում բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի արարքը պայմանավորված է «իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու և իր գերակայությունը ի ցույց դնելու մղումով»։

Իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանը, ով անցած տարի հունիսին նույնպես ներկա է եղել դատարանի բակում, ծիծաղելի է որակում Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքները, պնդելով՝ Հայկը ոստիկանների նկատմամբ բռնություն չի գործադրել, բայց դատարանը իրենց թույլ չի տվել վկայություն տալ և քննության ընթացքում հիմք է ընդունել բացառապես ոստիկանների ցուցմունքները։

«Դատավորի համար դա մի թիվ է՝ 9 տարի, բայց մոռանում է՝ 9 տարին մի ամբողջ մարդկային կյանք է այդ երիտասարդի համար: Այդ երիտասարդը ի՞նչ էր արել, որ նրան 9 տարի էր հասնում», - նշեց նա:

5 ոստիկաններից բացի քրեական գործում տուժող ճանաչվեց նաև այն մեքենայի սեփականատերը, որի տանիքին բարձրացել էր Հայկ Կյուրեղյանը։

9 տարվա ազատազրկումից բացի դատարանն այսօր որոշեց որպես փոխհատուցում նաև Հայկ Կյուրեղյանից բռնագանձել 284 հազար դրամ։

XS
SM
MD
LG