Մատչելիության հղումներ

Լիպարիտյան․ «Հայաստանը տարածաշրջանում գործում է որպես հյուր»


Ժիրայր Լիպարիտյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ
Ժիրայր Լիպարիտյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ

1991-1997 թվականներին Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Ադրբեջանին զսպելու, ադրբեջանական հարձակումներին վերջ տալու տեսլականը:

«Ազատության» հետ զրույցում Լիպարիտյանը պարզաբանեց, որ նման կարծիք է ձևավորվել այն քաղաքական ու ռազմական քայլերից, որոնք ձեռնարկում են Հայաստանի իշխանությունները՝ չեզոքացնելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք, սակայն, նախորդ տարիներին ավելի մասշտաբային են դարձել:

«Մենք մտածել ենք, որ Ղարաբաղի հարցը լուծված է մեզ համար, ինչ որ մնացել է՝ ուրիշներինն է, ուրիշների համար է, նրանք պետք է լուծեն: Եվ տարածաշրջանում գործում ենք որպես հյուր, որ ուրիշները մեր հարցերը լուծեն», - նշեց նա՝ շարունակելով․ - «Ինչո՞ւ են կրակում մեր բնակավայրերի ուղղությամբ և կրակում են ավելի ու ավելի շատ՝ որովհետև հարցը լուծված չէ: Մեր իշխանությունների մի մասը մտածում է, թե տակավին միջնադար ենք՝ հաղթել ենք ու վերջ: Հաղթել ենք, մյուսը պարտված է, բայց չի ընդունում իր պարտությունը: Եվ դա անդադար անելու է: Իսկ դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունները այս իրավիճակը ընդունում են որպես սովորական: Այսինքն, կարելի է առհավետ գնալ այսպես, որ մի քանի ամիսը մեկ ռմբակոծումներ լինեն, մեր գյուղացիները վնասվեն․․․ [նրանք] իսկական քաղաքացիներն են մեր պետություն: Եվ վարչապետը որոշում է, որ իրենց մի քիչ փող կտա, թող գնան ու սպանվեն ու վիրավորվեն»:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կտրուկ աճեց սեպտեմբերի 2-ից, երբ Լեռնային Ղարաբաղում տոնում էին անկախության հռչակման 24-րդ տարեդարձը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, միայն սեպտեմբերի 2-ին մոտ 20 գյուղ ենթարկվել էր հակառակորդի գնդակոծության: Ընդ որում, անցած օրերին ադրբեջանցիները սահմանի տարբեր հատվածներում օգտագործել էին նաև 120 միլիմետրանոց ականանետեր․ 1994 թվականի զինդադարից հետո առաջին անգամն է, որ լայնորեն օգտագործվում է նման տրամաչափի զինատեսակ:

Ժիրայր Լիպարիտյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, այսօր քիչ է գրավում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի ուշադրությունը՝ նաև այն պատճառով, որ նավթի գների անկումն ու Իրանի հետ պայմանավորվածությունը որոշակիորեն նվազեցրել են Հարավային Կովկասի նշանակությունը միջազգային գործերում:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Դուք տեսե՞լ եք, որ Մոսկվան գոնե դատապարտի Ադրբեջանի հարձակումները: Ես չեմ տեսել: Բաքվում գիտեն, որ Մոսկվան չի էլ դատապարտի, ուստի շարունակում են հարձակումները», - հավելեց դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող Լիպարիտյանը: - «Այս պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակը․․․ պետք է բացատրվի Ռուսաստանի քաղաքականությամբ: Կապ չունի, թե ռուսամետ ենք, թե արևմտամետ: Արևմուտքը Ռուսաստանի հետ հարց չունի Ղարաբաղի հարցով: Նվազագույնը, որ պիտի ստանա Ռուսաստանը, նոր զենք ծախել է, նոր տեսակի զենք ծախելն է և՚ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Սա մինիմալն է»:

Իսկ առավելագույնը, ըստ Լիպարիտյանի, այն է, որ մեծացնելով լարվածությունը՝ Կրեմլը ցանկանում է, ի վերջո, իր խաղաղությունը պարտադրել Ղարաբաղում․ - «Հստակ է, որ մենք կորցրել ենք մեր հակակշիռը Ղարաբաղի հարցի լուծման վրա, որ մենք չենք լուծելու այդ հարցը, չենք ուզում լուծել այդ հարցը: Եվ քանի որ միակ ուժը, որ կարող է լուծել, Ռուսաստանն է, Ռուսաստանն է լուծելու: Եվ Արևմուտքը նրան զորավիգ է կանգնելու: Բայց մյուս կողմից, առնվազն նշանակում է, որ երբ Ռուսաստանը պատրաստ է պարտադրելու, նա պիտի պարտադրի, և մենք ի վիճակի չենք նրան «ոչ» ասելու, ինչպես ի վիճակի չէինք ԵՏՄ-ին «ոչ» ասելու»:

XS
SM
MD
LG