Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի խոսքով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը առաջիկայում կնվազի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Հակոբյանը լարվածության թուլացումը պայմանավորեց հայաստանյան զինված ուժերի արդյունավետ գործողություններով։
«Առաջին գծի ստորաբաժանումները լրիվությամբ վերահսկում են իրավիճակը և այս լարվածությունը ևս։ Արդեն համապատասխան միջոցառումներ են իրականացվել։ Կարծում եմ՝ կգնա դեպի թուլացում», - նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Ըստ Հակոբյանի, սրելով իրադրությունը սահմանին, Ադրբեջանը ձգտում է շանտաժի ենթարկել միջնորդ-երկրներին, որպեսզի հօգուտ իրեն առաջընթաց գրանցվի ղարաբաղյան բանակցային գործընթացում:
«Մենք անցյալ տարի ավելի լարված իրավիճակ ենք ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին առաջին գծում։ Այն, ինչ ստեղծվել է առաջին գծում՝ զինված ուժերի համար նորություն չէ», - նշեց նա։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը սեպտեմբերի 3-ին հաղորդագրություն էր տարածել, պնդելով, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Այսօր Մովսես Հակոբյան անդրադարձավ դրան՝ նշելով. - «Ինչպես վերջին ժամանակներս, այս տարվա ընթացքում և նախորդ տարիների ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է և մենք դրանց տեղյակ ենք։ Մինչև այդ զենքերը Ադրբեջանի Հանրապետություն հասնելը՝ մենք հետևում էինք և գիտեինք ինչ է մատակարարվելու, որտեղից է մատակարարվելու և այդ զենքերի առկայության մասին մենք տեղյակ էինք»։
Գեներալ-լեյտենանտին հիշեցրեցինք՝ վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է մոտ 5 միլիարդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինություն: Արդյո՞ք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ պարագայում նույնպես մինչև մատակարարումը տեղյակ էր Մոսկվան ի՞նչ սպառազինություն է փոխանցում Բաքվին և արդյո՞ք ռուսական այդ զենքը չի՞ օգտագործվել հայ դիրքապահների ուղղությամբ: Մովսես Հակոբյանի պատասխանից պարզ չդարձավ՝ Ռուսաստանից Ադրբեջան մատակարարված սպառազինության մասին հայկական կողմը տեղյակ է եղե՞լ է, թե՞ ոչ:
«Ես բազմիցս, և պաշտպանության նախարարը, և համապատասխան պաշտոնյաները հնչեցրել են այդ հարցը։ Այս հարցի վերաբերյալ զինվորական գերատեսչությունը փոփոխություններ չկա մտքի, կարծում եմ այս հարցը նորից հնչեցնել և պատասխանել՝ իմաստ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է զենքերի կիրառմանը, վերջին մի քանի տարում ձեռք բերած խմբաքանակից Ադրբեջանը վերջին ժամանակներս չի կիրառել։ Կոնկրետ այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել վերջին տարիներին Ադրբեջանը այդ զենքերը չի կիրառել», - ասաց Մովսես Հակոբյանը։