Մատչելիության հղումներ

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել


Այսօր առավոտյան ադրբեջանական կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է առաջնագծում հերթապահող պայմանագրային զինծառայող, 1975 թվականին ծնված Հայկ Կառլենի Թևոյանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական զինուժը երեկ կրկին գնդակոծել է Տավուշի մարզի հայկական դիրքերը և գյուղերը։ Հովհաննիսյանի խոսքով վերջին մի քանի օրերի համեմատ երեկ իրավիճակը աննախադեպ լարված է եղել։

Գնդակոծման հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղում երկու բնակիչներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են Նոյեմբերյանի բժկական կենտրոն, այնտեղից էլ՝ մայրաքաղաք: Այս տեղեկությունը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեցին հիվանդանոցից՝ ընդգծելով, որ վիրավորների վիճակը բավարար է:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վիրավորները մայր ու որդին են՝ 43-ամյա Նազիկ Թումանյանը և 23-ամյա Ռազմիկ Թումանյանը:

Մելիքյանի համոզմամբ՝ նրանք վիրավորվել են ականի պայթյունից:

Պաշտպանության նախարարությունից ևս հաստատեցին, որ երեկ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետեր: «Կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ այդ թվում նաև ականանետերից: Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ [Հայաստանի] Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասել է նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է․ Գնդակոծված շուրջ երկու տասնյակ գյուղերում հաշվարկում են նյութական կորուստները:

Բաղանիսի գյուղապետ Ֆելիքս Մաղաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել հրապարակել է վնասված տների լուսանկարներ:

Սահմանում տիրող իրավիճակի հետ կապված երեկ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։ Դեսպանը երեկ պաշտպանության նախարարությունում հանդիպել է փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ, կողմերը քննարկել են սահմանում տիրող իրավիճակը։ Պաշտպանության փոխնախարարը Կասպշիկին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները, կողմերը արձանագրել են, որ հրադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են և մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանական կողմը սկսել է մեծ տրամաչափի զինատեսակներ օգտագործել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG