Մատչելիության հղումներ

ՀԿ-ի նախագահը փորձում է ճշտել Բաղրամյան պողոտայում կատարվածի մանրամասները


ՀԿ-ի նախագահը փորձում է ճշտել Բաղրամյան պողոտայում կատարվածի մանրամասները
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը գրեթե մեկուկես ամիս ի վեր փորձում է ճշտել Բաղրամյանի դեպքերի հետ կապված մանրամասներ։ 100-ից ավելի նամակներ է հղել:

«Հունիսի 23-ի հավաքը ցրելու ժամը որոշել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարությունը», - Իոնիսյանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Ոստիկանությունից։

«Ըստ էության, մենք, կարծես թե, կարողացանք ստանալ հավաքը ցրելու անմիջական հրաման տվողի անունը: Ըստ Ոստիկանության, այդ որոշումը, որ այդ պահին պիտի հավաքը ցրվեր, կատարել է Երևանի ոստիկանության ղեկավարությունը՝ ըստ երևույթին ի դեմս Աշոտ Կարապետյանի, որովհետև Աշոտ Կարապետյանը այդտեղ տեղում է եղել», - հավելեց Իոնիսյանը:

Նրա խոսքով՝ երբ Ոստիկանությունից փորձել է ճշտել նաև ջրնետ մեքենան կիրառելու հրաման տվողի անունը, խուսափել են հրապարակել․ միայն գրությամբ պատասխանել են, որ ջրնետն այդ օրը օգտագործվել է «նվազագույն ճնշմամբ»․ - «Ոստիկանությունը արձանագրում է, որ իրենք ջրնետ մեքենայի կիրառմամբ խաղաղ ցույց են ցրել, ինչը ուղղակի արգելված է «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածով»:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի գործողությունները քրեական երկու գործի առիթ դարձան։ Մինչև նստացույցը ցրելը Դատախազությունում գործ էր հարուցվել խուլիգանության հոդվածով, ուղարկվել Քննչական կոմիտե: Հունիսի 23-ից հետո, երբ Ոստիկանությունը բռնի ուժով ցրեց Բաղրամյան պողոտայի նստացույցը, բերման ենթարկելով 237 մարդու, այդ թվում՝ լրագրողների, հարուցվեց երկրորդը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առիթով: Քանի որ երկրորդի հասցեատերերը ոստիկաններն են, գործի նախաքննությունն իրականացնում է ՀՔԾ-ն։

«Խուլիգանության հոդվածով գործը ցուցարարների նկատմամբ Դատախազությունը հարուցեց հաշված րոպեներում՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի մի հրապարակում, որում առհասարակ խուլիգանության մասին խոսք չկար: Ու թեև այդ գործով առավելագույն սանկցիան 50 հազար դրամի տուգանքն է, այդ գործը քննում է Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խումբ: Մյուս գործը հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում դեպքերից 10 օր հետո, թեև ամբողջ մամուլը վխտում էր համապատասխան հաղորդումներով հանցագործության մասին, և այն վարում է ընդամենը մեկ քննիչ: Ինչը նշանակում է, որ անգամ եթե այդ քննիչը շատ ուզենա հասնել արդարության, ֆիզիկապես երևի դա չի կարողանա: Կամ կկարողանա մի քանի տասնամյակում», - ասաց Իոնիսյանը:

Երկու դեպքում էլ գործի ընթացքի մասին գրեթե տեղեկություն չի հայտնվում։ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը «Ազատության» թղթակցի հետ զրույցում 4 օր առաջ տեղեկացրել էր, որ հունիսի 23-ի գործով մեղադրյալներ և կասկածյալներ չկան։

Մոտ 40 օր է, որ Իոնիսյանը փորձում է Բաղրամյանի դեպքերի հետ կապված մանրամասներ ճշտել։ 100-ից ավելի նամակներ է հղել, հաճախ ստացել իրարամերժ պատասխաններ․ - «Մի կողմից, Ոստիկանության իրավաբանական վարչության պետը ասում է, որ, այո, հունիսի 23-ի հավաքը խաղաղ էր: Մյուս կողմից, նույն ինքը մեկ այլ գրությամբ ասում է, որ այդ 237 անձանց բերման են ենթարկել խուլիգանության մեջ կասկածանքով: Ընդ որում՝ կասկածանքի համար հիմք է հանդիսացել, ըստ Ոստիկանության, այն, որ այդ անձինք տեղում բռնվել են խուլիգանություն կատարելիս: Սա արդեն իրարամերժ է․ հիմա դա խաղաղ խուլիգաննե՞ր էին»:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսյան պայքարը նախաձեռնած «Ո՛չ թալանին»-ը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել․ նախաձեռնության անդամ Միհրան Ավագյանն ասաց, որ մտադիր են անհնազանդության ակցիաներ անցկացնել․ - «Եթե նրանք շուտով լուծում չտան, չպատժվեն մեղավորները, մենք սկսելու ենք նոր անհնազանդություններ: Փողոցային պայքարը շարունակելու ենք՝ երթերի, փողոցներում նորից այդ ոստիկանների նկարները փակցնելու տեսքով և այլն: Եթե չպատժվեն, մենք ասել ենք՝ ոստիկանապետն է պատասխանատու»:

Ավագյանը պնդեց, որ մեղավորները շարունակում են պաշտոնավարել: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունիսի 23-ի դեպքերին մասնակցած երկու ոստիկանների լուսանկարներ՝ «Ոստիկանությունը ոչ միայն չի պատժում այս ոստիկաններին, այլև ուղարկում է հանցագործություններ բացահայտելու» վերտառությամբ․ - «Հատուկ քննչական ծառայությունում կա հարուցված գործ, Ոստիկանությունը ինչո՞վ է համոզված, որ նրանց արարքներում չկա հանցակազմ, և նրանց ուղարկում է հանրային հնչողություն ստացած սպանության գործ բացահայտելու․․․ Ոստիկանությունը փորձում է ցույց տալ, որ նրանք չեն պատժվելու»:

XS
SM
MD
LG