Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը ոստիկանության հունիսի 23-ի բռնությունների վերաբերյալ գնահատական չունի


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, արխիվ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, արխիվ

Հուլիսի 6-ի համար էլ Հովհաննես Մանուկյանը ասաց. - «Չունեմ գնահատական. գործողություն է տեղի ունեցել, ազատվել է պողոտան, ընդամենը այսքանը»։

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության բռնությունների վերաբերյալ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գնահատական չունի:

Երեկ «Ազատության» հետ զրույցում նախարարը հակիրճ էր ․- «Չունեմ ես գնահատական այս պահին»։ Իսկ հարցին, թե ի՞նչ գնահատական կտա հուլիսի 6-ին ոստիկանության՝ Բաղրամյան պողոտայից ցույցը ցրելու գործողություններին, Մանուկյանը գրեթե նույն պատասխանը հնչեցրեց. - «Չունեմ գնահատական. գործողություն է տեղի ունեցել, ազատվել է պողոտան, ընդամենը այսքանը»։

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունն անցած ուրբաթ քրեական գործ է հարուցել, իսկ Ոստիկանությունում երեկվա դրությամբ ծառայողական քննությունը շարունակվում էր:

Մինչդեռ, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս երկուշաբթի հրապարակեց տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը, ըստ որի՝ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները ոչ միայն «ոչ իրավաչափ» էին, այլև՝ «ոստիկանները խախտել են օրենքը»:

Հիշեցնելով, որ «Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգը պահպանելիս համազգեստ կրել, Կարեն Անդրեասյանը նշել էր, որ բազմաթիվ ոստիկաններ ոչ միայն համազգեստով չէին, այլև ցուցարարներին բերման ենթարկելիս նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը «որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով», բացի այդ՝ ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ:

«Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները», - հայտարարել էր օմբուդսմենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG