Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի դեպքերից մեկ ամիս անց գործով կասկածյալների և մեղադրյալների մասին ոչինչ հայտնի չէ


Հունիսի 23-ի դեպքերից մեկ ամիս անց գործով կասկածյալների և մեղադրյալների մասին ոչինչ հայտնի չէ
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Մեկ ամիս է անցել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնություններից, սակայն մինչ օրս Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հրաժարվում է տեղեկացնել՝ արդյոք բռնությունների առնչությամբ իր կողմից հարուցված քրեական գործի շրջանակում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ:

«Ազատությունը» հուլիսի 17-ին գրավոր հարցում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե բռնություն գործադրած ո՞ր ոստիկաններն են ներգրավված այս գործում: Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պահանջում է պետական մարմիններից հինգօրյա ժամկետում պատասխանել հարցմանը, սակայն ՀՔԾ-ից մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել:

Այսօր փորձեցինք հարցի պատասխանը ստանալ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանից, սակայն արդարադատության գեներալ-լեյտենանտը հարցը լսելուց հետո հարկ համարեց միայն բարևել և արագ հեռանալ։

ՀՔԾ-ի խոսնակ Միքայել Ահարոնյանը ևս չպատասխանեց մեր հարցին.- ««Ազատություն» ռադիոկայանից մենք ստացել ենք գրավոր հարցում, դրան կպատասխանենք գրավոր՝ օրերս»,- ասաց խոսնակը։

Հունիսի 23-ին ոստիկանների կիրառած բռնությունների, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում դեռ հուլիսի 3-ին էր քրեական գործ հարուցվել: Ընդ որում Շահինյանի գլխավորած ծառայությունը գործը հարուցել էր օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրը՝ տեղի ունեցածը պատկերող և համացանցում հրապարակված տեսանյութերը տասն օր ուսումնասիրելուց հետո:

Հունիսի 23-ին տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունն էլ իր քննություն էր վարում: Առ այսօր, սակայն, ոստիկանապետը բավարարվել է միայն ինը ոստիկանի կարգապահական տույժի ենթարկելով, չնայած ծեծի են ենթարկվել մարդիկ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը, վնասել էին լրագրողների տեխնիկան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ ծառայողական քննությունը շարունակվում է, նորություն չունեն:

«Իլուր»-ի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում էր, տեղի ունեցածից երեք օր անց ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին:

«Ինձանից բռնությամբ խլել էին հիշողության քարտը, կոնկրետ անուններ եմ նշել՝ ոստիկանության պետի տեղակալներ Հունան Պողոսյանը և Լյովա Երանոսյանը։ Հաղորդմանս մեջ նշել եմ, որ տեսել եմ և կորցրած հիշողության քարտի մեջ ֆիքսել եմ, թե ինչպես էր Լևոն Երանոսյանը կոտրում գործընկերներիցս մեկի տեսախցիկը»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ իր հաղորդումից անցել է մոտ մեկ ամիս, սակայն այդ ընթացքում որևէ գործողության չի կանչվել։

«Երեկ թե նախորդ օրը կանչվել եմ հարցաքննության ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով և քիչ առաջ ոստիկանությունից և ՀՔԾ-ից էլ ճշտեցի, որ փաստորեն հունիսի 26-ին իմ ներկայացրած դիմումը մինչ օրս ՀՔԾ չի հասել։ Էստեղ գործ ունենք ոստիկանության անգործության հետ»,- ասաց լրագրողը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ միամտություն կլիներ մտածել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները լրջորեն պետք է հետաքննեին հունիսի 23-ին տեղի ունեցածը և պատժեին մեղավորներին:

«Այդպիսի բան երբևէ չի եղել մեզանում և չի էլ նախատեսվում առաջիկայում նույնպես, իսկ եթե հանկարծ ինչ-որ հրաշքով պետք է նման բան լիներ, ապա պետք է պատժվեին այն ոստիկանները կամ այն մարդիկ, ովքեր կատարել են անօրինական հրամաններ՝ մարդկանց բռնության ենթարկելով, այլ այն մարդիկ, ովքեր բռնության հրահանգներ են տվել»,- ասաց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG