Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» ռազմավարությունը նույնն է, վերանայում են մարտավարությունը


«Հիմնադիր խորհրդարանի» ռազմավարությունը նույնն է, վերանայում են մարտավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

«Հիմնադիր խորհրդարանը» քննարկում է մարտավարության փոփոխության հարցը, որոշումը գրեթե կայացված է, կարծում են՝ այս փուլում ճիշտ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց օրակարգում է «ռեժիմից ձերբազատումը», «Ազատությանը» փոխանցեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Շատ ուժեր չկան դժբախտաբար, թե բարեբախտաբար: Անուններ չփորձեմ թվարկել, սակայն մատնացույց կանեմ հետևյալը՝ և՛ խորհրդարանում առկա ընդդիմադիր ուժեր, ինչու չէ՝ նաև համակարգից դուրս քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ, խմբավորումներ, ուժեր, որոնք մերժում են այս համակարգը, ռեժիմը: Ուժեր՝ որոնք գիտակցում են, որ օր առաջ պետք է ձերբազատվել այս իշխանություններից», - մանրամասնեց Սեֆիլյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդի պատկերացմամբ, այդօրինակ համագործակցության կայացման պարագայում թելադրողներ չեն լինելու:

«Անպայման չէ, որ որևէ ուժ կարողանա իր ծրագիրը փորձել առաջարկել բոլորին՝ ասելով, որ այս է և վերջ: Այսօր հարկավոր է կարևորագույն հարցերի շուրջ միավորվել, քայլեր կատարել, իսկ ռեժիմի ձերբազատումից հետո՝ անցումային ժամանակաշրջանում, նորից իրարից հեռանալ և ամեն մեկը քաղաքական իր ուղին շարունակի», - մանրամասնեց նա:

Առաջին քայլը «Հիմնադիր խորհրդարանը» կկատարի առաջիկա օրերին․ քննարկում կնախաձեռնեն՝ Սեֆիլյանի ձևակերպմամբ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցով, կառաջարկեն գործողությունների պլան մշակել:

«Ես համոզված եմ, որ մեր ազատ արձակմամբ կծիկը քանդվել է, մենք պետք է հետամուտ լինենք», - ասաց Սեֆիլյանը:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդը չբացառեց, որ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը նույնպես կարող է դառնալ համագործակցության եզրերից մեկը: Համազգային մոբիլիզացիայի միջոցով իշխանափոխության հասնելու՝ «Հիմնադիր խորհրդարանի» ռազմավարությունը նույնն է, վերանայում են մարտավարությունը, պնդեց Սեֆիլյանը:

«Ազատության» այս հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մարտավարության փոփոխությունը, արդյո՞ք հանրահավաքների սակավամարդությամբ, զանգվածային անկարգությունների նախապատրաստության մեղադրանքով կալանավորված, օրերս խափանման միջոցի փոփոխությամբ ազատ արձակված Սեֆիլյանը պատասխանեց՝ նոր հանգրվանով:

«Ամիսներ առաջ մենք չէինք կարողանում ընդհանրության գալ, այժմ կարող ենք գալ: Տարակարծությունների մեծ մասը այլևս կարող ենք մեկ կողմ թողնել և կենտրոնանալ գլխավոր խնդրի վրա, որովհետև այստեղ երկիր կորցնելու գիտակցությունը գնալով գերիշխում է», - հավելեց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն առաջին էր, որ կալանավորված Սեֆիլյանին ու համախոհներին համարեց քաղաքական բանտարկյալներ: Օրերս ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում ասել էր՝ ինչո՞ւ ոչ, կարելի է մտածել քաղաքական համագործակցության մասին: Ռեժիմի մերժման հարցում երկու ուժերի տեսակետները համընկնում են:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանի խոսքով, մինչդեռ ասում է՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցության հարցը դեռևս չեն քննարկել:

«Եթե նմանատիպ առաջարկ լինի քննարկելու, մենք բաց ենք եղել բոլորի հետ քննարկում կազմակերպելու», - ասաց նա:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ տվյալ քաղաքական միավորի կողմից ընդհանրապես որևէ հարցի վերաբերյալ որևէ առաջարկ չեն ստացել ու հավելեց․ - «Բայց կարծում եմ «Բարգավաճ Հայաստանին» որևէ առաջարկ անելուց առաջ պարոն Սեֆիլյանը պիտի որ հիշի իր առնվազն ոչ կոռեկտ ձևակերպումները ընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով, բացառում է Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG