ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանը կքննարկի աշնանը։
«Նաև ժամկետների առումով մենք խնդիրներ ունենք: 2017 թիվը սարերի հետևում չէ: Իմ խորին համոզմամբ, պետք է ամեն ինչ արվի, որ հանրաքվեն այս տարվա մեջ տեղի ունենա», - մեզ հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ աշխատում են մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցում նախատեսող նախագծի վրա: Նա նաև կարծիք էր հայտնել, որ նախագիծը պատրաստ կլինի ամռանը։
Դաշնակցությունը բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հունվարին, ասել է նաև իր քաղաքական «այո»-ն։
«Հիմա ամենագլխավորը՝ մեր բնակչությանը ճիշտ բացատրել, որ իր կենցաղային հարցերը, ի վերջո, կապված են Սահմանադրության հետ և սահմանադրական փոփոխություններով դրանք կարող են կարգավորվել», - ասում է նա:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ խորհրդարանական համակարգի անցնելով՝ Սերժ Սարգսյանը լուծում է մեկ՝ սեփական իշխանությունը «հավերժացնելու» խնդիր, ազատվում է նախագահական ընտրություններից, որովհետև ժողովուրդը ակտիվանում է հենց այդ փուլում․ իշխանափոխության հույս է կապում գործընթացի հետ։
«Սերժ Սարգսյանը ընտրական պրոբլեմ չունի, ինքը ունի այդ սահմանադրական երաշխիքի խնդիրը: Անցումով դեպի խորհրդարանական հանրապետություն, լուծվում է միայն այս խնդիրը՝ հեռացնել այս սահմանադրական երաշխիքը, որ նույն անձը չի կարող ընտրվել անընդմեջ երկու անգամից ավելի», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Դաշնակցությունը կարծում է՝ Սահմանադրական բարեփոխումը կարող է երաշխավորել ընտրությունների ազատությունը։
«Մեր այս Սահմանադրության պրոբլեմը հենց դրանում է կայանում․ շատ գեղեցիկ հայտարարություններ կան, բայց դրանց տակ մեխանիզմ չկա», - ասում է Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական գործչի լավատեսություն չի կիսում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը․ - «Ոչ թե բարեփոխումներ են լինելու, այլ, ցավոք սրտի, լինելու է հերթական կարը՝ այս անգամ Սերժ Սարգսյանի հագով: Եթե ինքը հայտարարեր, որ որևէ բարձրաստիճան պաշտոնի չի հավակնելու, այդ թվում նաև Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, մեր այս մտահոգությունը մի փոքր կփարատեր»:
«Ժառանգությունը» պնդում է՝ նաև ընտրությունների արդարությունը երաշխավորող իրենց առաջարկները չեն ընդունվել, ուստի չեն մասնակցելու բովանդակային քննարկումների․ - «Որովհետև այն առաջարկները, որոնք մենք արեցինք՝ մենք նույնիսկ, կարելի է ասել, և՛ հասարակական ճնշմանը որոշակիորեն դեմ գնացինք, և՛ կուսակցությունում կային մարդիկ, որոնք չէին ցանկանում, որ հանդիպում լիներ Սերժ Սարգսյանի հետ, բայց մենք գնացինք այդ հանդիպմանը և ներկայացրեցինք մեր առաջարկները, որոնք, կարծեք թե, նրանց կողմից չընդունվեցին»:
Հենց սկզբից նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը մերժած ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ առաջիկա ամիսների գլխավոր հարցը լինելու է՝ Սերժ Սարգսյանը հավերժացնելու է իր իշխանությունը, թե՝ ոչ։ Ժամանակին խորհրդարանի ոչ իշխանական ուժերի եռյակին միավորում էր նաև սահմանադրական փոփոխությունների հարցում բացասական տրամադրվածությունը։ Այսօր էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ տեսակետը չի փոխել՝ բովանդակային քննարկումներին չի մասնակցի։
«Իշխանությունը պիտի ինչ-որ պահի բերի նախագիծը խորհրդարան: Դա մի հանգրվան կլինի քաղաքական գործընթացի, որի շուրջ իսկապես կարելի է լուրջ դեբատներ և մոբիլիզացիա կառուցել: Բայց ավելի մեծ մոբիլիզացիայի հնարավորություն կստեղծվի, երբ նախագիծը դրվի հանրաքվեի», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ առաջարկ չի եղել, կլինի՝ կքննարկեն․ - «Դե՝ դա արդեն քննարկելու խնդիր է: Այս պահին նմանատիպ քննարկում չի եղել, առաջարկ էլ չի եղել»:
Արմեն Ռուստամյանը կարծում է՝ Սահմանադրական բարեփոխումներին աջակցող համախմբում տեղի կունենա, ինչը կարևորել էր Սերժ Սարգսյանը․ - «Ես նկատում եմ, որ կամաց-կամաց քաղաքական ուժերը կարծես թե սկսում են ակտիվանալ»: