«Մենք մարտավարության վերանայման խնդիր ունենք, ռազմավարության փոփոխություն չկա», - «Ազատություն TV»-ի եթերում չորեքշաբթի երեկոյան հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար անդամ, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով, այն, ինչ ի սկզբանե մշակված էր իրենց ճանապարհային քարտեզով, որ «այս համակարգից դուրս պետք է ձևավորել այլընտրանքային մարմիններ և այդ մարմնի շուրջ համախմբելով ժողովրդին, կամքի պարտադրմամբ ձերբազատվել այս ռեժիմից, այդ պրոցեսը պիտի շարունակվի»:
«Ուզում եմ ասել՝ ստրատեգիայի փոփոխություն չկա, մարտավարության փոփոխություն, ես համոզված եմ, որ կա: Նոր հանգրվան ենք մտել: Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք նոր կոնսոլիդացիայի: Դաշտում գործող անհատներ կան, փոքր շրջանակներ, խմբեր, որոնք եթե ճիշտ գնահատեն իրավիճակը և հրաժարվեն խանի կողմից պարտադրված կանոնից, որն է՝ բոլորդ շարքի՝ դեպի 2017-18 թիվ․․․», - ասաց Սեֆիլյանը՝ շարունակելով․ - «Նրանց կարգը որն է՝ Սերժ Սարգսյանը բոլորին հրավիրում է կազինո: Կազինոյի տերը ինքն է: Ընտրական պրոցեսը մի ամբողջ կազինո է հիշեցնում: Պարզ է, որ ովքեր որ մտնում են կազինո, վերջում տերը միշտ շահող է դուրս գալիս, էնտեղ ոչ մեկը չի կարող շահող դուրս գա: Ամբողջ խնդիրը, ես կարծում եմ, նրա մեջ է, որ մենք այս առաջիկա շաբաթներում պիտի փորձենք ազնիվ մղումներ ունեցող գործիչներին բերել համակարգից դուրս վիճակի, և միասին ճակատ ենք կազմում կամ այլ ձևաչափ է ծնվում, պիտի ձևը գտնվի»:
Նա հավելեց, որ առաջիկայում կոնսուլտացիաներ են լինելու, չի բացառվում, որ հանրահավաքների շարք էլ լինի: «Նրանք հույս են փայփայում մեր գործը չկարճելով՝ մեզ զսպեն: Ինչպես տեսնում եք, այդպես չէ», - շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը: