Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդին Գորիսի ծեծկռտուքի գործով բերման կենթարկվի


Սյունիքի մարզպետի որդին Գորիսի ծեծկռտուքի գործով բերման կենթարկվի
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Մոտ տասնօրյա լռությունից հետո այսօր նախաքննական մարմինը հայտարարեց՝ Խաչատրյանը չի ներկայացել հարցաքննության:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, հարկադիր բերման կենթարկեն։ Մոտ տասնօրյա լռությունից հետո այսօր նախաքննական մարմինը հայտարարեց՝ Խաչատրյանը չի ներկայացել հարցաքննության:

Քննչական կոմիտեից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցին՝ մարզպետի որդին քրեական գործում վկայի՞, թե՞ կասկածյալի կարգավիճակով է ներգրավված։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ «Ազատության» հարցերին, թե ինչո՞ւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չի ներկայացել հարցաքննության, ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե նա արդեն հեռացել է երկրից, արձագանքեց՝ «թեման փակ է»:

Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ հայտարարություն տարածեց նաև Գլխավոր դատախազությունը՝ Քննչական կոմիտեին ցուցում տալով բերման ենթարկել բռնության մասնակիցներին ու վկաներին։

Եթե գործին միջամտում է Դատախազությունը, դա նշանակում է, որ Քննչական կոմիտեն ակնհայտ թերանում է, պնդում են իրավապաշտպանները։ Միևնույն ժամանակ, Ավետիք Իշխանյանը չի բացառում, որ այս կերպ Դատախազությունը և Քննչական կոմիտեն պարզապես փորձում են մոլորեցնել հասարակությանը։ Իրավապաշտպանը վստահ է՝ իրավապահների համար մարզպետի որդուն բերման ենթարկելը բարդ խնդիր չէ, սակայն Քննչական կոմիտեն թերանում է, քանի որ վերևներից հրահանգ չունի։

«Համոզված եմ, որ ինչպես նախորդ բոլոր շրջաններում, Խաչատրյանի ընտանիքը և նրա տղան որևէ պատիժ չեն կրելու: Եթե սխալվում եմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու, և ես շատ ուրախ կլինեմ այդ ներողությունը խնդրելու համար, որովհետև այսպես ապրել արդեն հնարավոր չէ», - ասում է նա:

Իրավապաշտպանը հիշում է՝ ինչպես 1 ամիս առաջ ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ երևանյան սուպերմարկետից «պեչենի գողացողին» վայրկյաններ անց ձեռնաշղթաներ հագցրեցին, իսկ Գորիսի կենտրոնում մի խումբ անձանց հետ ծեծկռտուքի մասնակից մարզպետի որդին 10 օր անց բերման չի ենթարկվել, ձերբակալվածներ էլ չկան այն դեպքում, երբ տուժողը զրկվել է մեկ աչքի տեսողությունից, եղբոր քիթն էլ կոտրվել է։

Իրավապաշտպանները համոզված են՝ Տիգրան Խաչատրյանը անպատիժ է մնում, քանի որ նրա հայրը վարչակազմի նվիրյալներից է․ վերջին տասնամյակում իշխող Հանրապետականն ու նախագահ Սերժ Սարգսյանը ամենից շատ թվով ձայներ հենց Սյունիքում են հավաքել:

«Լիսկայի ընտանիքի քաղաքական կռիշան՝ իրենց տերմինալոգիայով, հանդիսանում է Սերժ Սարգսյանը», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով․ - «Առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու՝ Լիսկայի ընտանիքի որևէ անդամի նկատմամբ օրենսդրության նորմի կիրառումը հնարավոր չէ»:

Սյունիքի մարզպետի ընտանիքի գործած ապօրինությունների մասին պարբերաբար բարձրաձայնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ոստիկանները ծեծկռտուքի օրը պետք է ձերբակալեին, քանի որ միջադեպից ժամեր անց մամուլում արդեն հնչել էր Տիգրան Խաչատրյանի անունը։

«Հերթական անգամ կատարվում է հանցագործություն ՀՀ քաղաքացու նկատմամբ, որին մասնակցում է Լիսկայի ընտանիքի անդամը, և հերթական անգամ իրավապահ մարմինները զարմանալի դանդաղկոտություն են ցուցաբերում, որի հետևանքով մարդը մնում է անպատիժ», - ասում է նա:

Մարզպետի ու նրա որդիների հետ կապվող աղմկահարույց բազմաթիվ դեպքեր կան, մեծ մասը քողարկվում է, նշում է Ավետիք Իշխանյանը՝ ընդգծելով․ - «Ուղղակի զարմանալ կարելի է, նույնիսկ բռնապետական երկրներում, երբ տեսնում են որ իրենց ինչ-որ նվիրյալ արդեն շատ է համը հանում, նրան պատժում են»:

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ վիճաբանությունից հետո մեկ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին արդեն տեղափոխել են Մոսկվա, իսկ նրա ավագ եղբայրը ենթարկվել է քթի վիրահատության: Վերջինս դեռևս քրեական գործվ տուժող չի ճանաչվել։

XS
SM
MD
LG