Մատչելիության հղումներ

Ոստիկանների զեկուցագրեր․ Գորիսում Հարութ Զաքարյանը վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է քաղաքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

«Մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Երեկ հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի առնչությունը Գորիսում տեղի ունեցած դեպքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG