Մատչելիության հղումներ

2015-ի սկզբից Ադրբեջանի բանակում 12 զինծառայող է զոհվել․ Կասպյան ինստիտուտ


Ադրբեջանական բանակի զինծառայողները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ադրբեջանական բանակի զինծառայողները Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ռազմական հետազոտությունների ինստիտուտը շեշտում է, որ բանակի կորուստների ուսումնասիրությունը դժվարացել է:

2015 թվականի սկզբից մինչև հիմա Ադրբեջանի բանակի կորուստները կազմում են 12 զինծառայող, որոնցից 8-ը զոհվել են մարտական գործողությունների հետևանքով, 4-ը՝ այլ պատճառներով, այդ թվում՝ ոչ կանոնադրային հարաբերությունների, հիվանդության, զենքի հետ անզգույշ վարվելու: Այս տվյալները հրապարակել է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը՝ նշելով, որ մարտական գործողությունների արդյունքում զոհված 8 զինծառայողից 7-ը սպանվել է հայկական կողմի կրակոցների, մեկը՝ ականի պայթյունի հետևանքով:

Միաժամանակ, ինստիտուտը շեշտում է, որ նախորդ տարիների համեմատ դժվարացել է բանակի կորուստների ուսումնասիրությունը՝ Պաշտպանության նախարարությունը և ուժային մյուս կառույցները ձգտում են թաքցնել կորուստները, իշխանություններին հավատարիմ լրատվամիջոցները հանձնարարություն են ստացել մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտալ, լուրեր չտարածել:

Նշենք, որ Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը՝ ռազմական հարցերով փորձագետ Ջասուր Սումերենլին հեռացել է Ադրբեջանից, ինչպես ինքն է պարզաբանել՝ իշխանությունների ճնշումների և հետապնդումների պատճառով:

Ադրբեջանական բանակի մարդկային կորուստներից բացի, Սումերենլին զեկույցում նշում է նաև, որ մանաթի փոխարժեքի անկման պատճառով վատթարացել է զինծառայողների սոցիալական վիճակը: Նրա խոսքով, առանց այդ էլ զինծառայողների աշխատավարձը փոքր էր՝ թիկունքում ծառայող լեյտենանտների աշխատավարձը 500 մանաթ է, իսկ ենթասպաները և սերժանտները ավելի քիչ են ստանում: Փորձագետը նշում է, որ այդ գումարները համարժեք չեն երկրի բյուջեի ռազմական ծախսերին, որոնք 4 միլիարդ դոլար են կազմում: Ռազմական ծախսերի մեծ մասը՝ 60-70 տոկոսը, ուղղվում է սպառազինությունների գնումների և ռազմական արդյունաբերության նախարարության պատվերներին:

Սումերենլին նշել է, որ խնդիրներ կան նաև զինծառայողներին կացարանով ապահովելու հարցում: Չնայած մի քանի տարի առաջ երկրի ղեկավարը կարգադրություն է ստորագրել զինծառայողներին բնակարանով ապահովելու մասին, բնակարան են ստացել մոտավորապես 300-400-ը, իսկ շուրջ հազար գործող զինծառայող ու ավելի շատ պահեստի սպաներ հերթի մեջ են, և հայտնի չէ, թե երբ բնակարան կստանան, նշում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG