Մատչելիության հղումներ

Բորիս Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել


Քննիչները Նեմցովի գործով խորացնում են չեչենական հետքը
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, թե սպանության կազմակերպիչը նույնպես չեչեն է:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով Քննչական կոմիտեն տեղեկատվական նոր թափ է նախաձեռնել՝ մամուլում շրջանառության մեջ դնելով ոմն Ռուսլիկի անունը, որն, ըստ «Կոմերսանտ»-ում հրապարակված տեղեկությունների, «ավտոմեքենա, զենք է տվել և 5 միլիոն ռուբլի խոստացել» սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևին:

Ըստ «Կոմերսանտ»-ի, նախաքննական մարմնին հայտնի է տվյալ անձի անուն-ազգանունը, սակայն նրա նկատմամբ դեռևս հետախուզում չի հայտարարվել: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները՝ որպես Բորիս Նեմցովի սպանության հնարավոր կազմակերպիչ, հրապարակել էին Ռուսլան Գերեմեևի անուն-ազգանունը, հիշեցնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Ռուսական աղբյուրները պնդում են, որ նա Չեչնիայի ոստիկանության «Հյուսիս» ջոկատի աշխատակից է։

Ավելի քան մեկ ամիս առաջ` փետրվարի 27-ին, Կրեմլի պատերի տակ տեղի ունեցած սպանության գործով փաստացի բացահայտում չիրականացրած քննչական մարմինը ռուսական լրատվամիջոցներով տարածում է տեղեկություն, որ շուտով գործով կներգրավվի մի վկա, և նա, ըստ քննիչների, կարող է պատմել, թե վերջին ամիսներին ինչով էր զբաղված Նեմցովի սպանության կազմակերպիչը:

Սպանության մեջ մեղադրվող Դադաևը մոտ երեք շաբաթ առաջ իրավապաշտպանների հետ հանդիպմանը չէր թաքցրել, որ իր նկատմամբ բռնություններ են եղել, իսկ ինքնախոստովանական ցուցմունքները տվել է ճնշումների հետևանքով, բացի այդ, քննիչն իրեն ասել է, որ եթե ինքնախոստովանական ցուցմունքներ տա, ընկերոջը՝ Ռուսլան Ուսյուպովին կազատեն:

Նախաքննական մարմինն ավելի հավանական էր համարել վարկածն, իբր, չեչենները Նեմցովին սպանել են ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման առնչությամբ Նեմցովի քննադատությունից հետո: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, մեղադրյալներից որևէ մեկը որևէ շփում չի ունեցել Նեմցովի հետ:

«Քրեական հեղինակությունը կամ ծայրահեղ կրոնավորը Նեմցովին սպանելու ոչ մի պատճառ չէր կարող ունենալ»,- օրերս հայտարարել էր Նեմցովի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վադիմ Պրոխորովը:

Բորիս Նեմցովի գաղափարակից ընկերները շարունակում են ի մի բերել Ուկրաինայում ռուսական զորքերի մասնակցության վերաբերյալ զեկույցը, որի համար տեղեկություններ էր հավաքում սպանված ընդդիմադիր գործիչը։

Բրիտանական The Gardian-ը փոխանցում է տեղեկություններ, ըստ որոնց՝ Բորիս Նեմցովի սկսած գործը շարունակում է Նեմցովի գաղափարակից ընկեր Իլյա Յաշինը: Նա վկայել է, որ գնացել է Իվանովո՝ Նեմցովի ստացած տեղեկությունների հետքերով:

Նեմցովին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իվանավո քաղաքի գրանցում ունեցող 17 զինվոր է սպանվել, կառավարությունը նրանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրել: Յաշինը The Gardian-ին փոխանցել է, որ իր այցերից եզրակացրել է՝ մարդիկ դեռ վախենում են խոսել, տեղեկություններ տրամադրել, բայց նա շարունակում է ընկերոջ գործը: Յաշինը նոր տեղեկություններ է հավաքել Դոնի Ռոստով, Բելգորոդ, Պսկով և Կոստրոմա քաղաքներ իր այցերի շնորհիվ:

Ի դեպ, Նեմցովի սպանությունից հետո իրավապահներն առգրավել էին Նեմցովի ունեցած տեղեկատվական բազան, սակայն նրա գաղափարակից ընկերներին հաջողվել է վերականգնել «Պառնաս» կուսակցության համակարգչում եղած տեղեկությունները: Իլյա Յաշինն այդ տեղեկությունների հիմքով պատրաստվում է ապրիլին հրապարակել Նեմցովի սկսած զեկույցը:

XS
SM
MD
LG