Մատչելիության հղումներ

ՌԴ պետդուման չի հարգել Բորիս Նեմցովի հիշատակը


Ռուսական քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների տեղիք է տվել Պետական դումայի աշխատանքի մեկնարկին ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը ոտնկայս չհարգելու որոշումը:

Բորիս Նեմցովի սպանությունից հետո այսօր Պետդուման առաջին նիստն է գումարել:

Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հրաժարվել է քվեարկության դնել Նեմցովի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկը և հիշեցրել, որ «Նեմցովի ընտանիքին արդեն ուղարկել է ցավակցական հեռագիր»:

Ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ, «Արդար գործ» կուսակցության նախկին համանախագահ Լեոնիդ Գոզմանը Twitter-ի իր էջում գրել է.- «Հրաժարվելով հարգել Նեմցովի հիշատակը` պատգամավորները փաստացի իրենց աջակցությունն են հայտնել Նեմցովին սպանողներին»։

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեից մամուլ տեղեկություն էր սպրդել, ըստ որի՝ նախաքննական մարմինը հերքել է Բորիս Նեմցովի սպանությունը պատվիրած լինելու վարկածը: Փոխարենը նախաքննությունն այս փուլում շարունակվում է «քաղաքական կամ կրոնական մոտիվների» առնչությամբ ապացույցներ հայթայթել:

Նեմցովի սպանության գործով մեղադրվում է 5 անձ՝ Չեչնիայի ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի տեղակալ Զաուր Դադաևը, Անզոր և Շահիդ Գուբաշև եղբայրները, Խամզաթ Բախաևը և Թամերլան Էսկերխանովը: Այս անձանց անուն-ազգանունները Պուտինի նեղ շրջապատին և իրավապահներին հիմք է տալիս պնդելու սպանության չեչենական հետքի մասին:

Բորիս Նեմցովի սպանության գործով դատարանում ինքնախոստովանական ցուցմունք տված միակ անձը՝ չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևն անցյալ շաբաթ հրաժարվել էր ինքնախոստովանական ցուցմունքներից: Իրավապաշտպանները պնդել էին, որ Դադաևի և մյուս կալանավորվածների մարմինների վրա կան բռնության հետքեր: Ռուսաստանի քննչական կոմիտեն իրավապաշտպաններին մերժել է կրկին հանդիպել Դադաևին և պարզել, թե նրա նկատմամբ բռնությունները շարունակվո՞ւմ են արդյոք:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ռուսաստանի քննչական կոմիտեն քննել է ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչ Միխայիլ Ֆեդոտովի խնդրանքը՝ այցելել Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրվողներին, և այդ այցը համարել աննպատակահարմար»:

Անցյալ շաբաթ Քննչական կոմիտեն հասարակական դիտորդական հանձնախմբի անդամներ Եվա Մերկաչևային և Անդրեյ Բաբուշկինին հասցեագրել էր հաղորդագրություն` հիշեցնել, որ նրանք մեկուսարան են այցելել ձերբակալման ժամանակ տեղի ունեցած խախտումներն արձանագրելու, մինչդեռ դիտորդները՝ «սկսել են հետաքրքրվել քրեական գործի նյութերով՝ այդպիսով խախտելով ոչ թե կանոնները, այլ՝ օրենքը»: Նրանց գործընկերներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները Քննչական կոմիտեի հայտարարությունը մեկնաբանել էին որպես իրավապաշտպաններին լռեցնելու փորձ:

BBC-ի թղթակիցը 33-ամյա Անզոր և 32-ամյա Շահիդ Գուբաշև եղբայրների ընտանիքին է այցելել: Նրանց մայրն BBC-ին ասել է.- «Ես վստահ եմ՝ նրանք մեղավոր չեն»։

Չեչեն մեղադրյալներին ճանաչող իմամը նույնպես հերքել է նախաքննական մարմին պնդումները, թե եղբայրները զայրացել են Նեմցովի հրապարակային ելույթներից՝ ընդդեմ իսլամիստների: Իմամն ասել է, որ իրենց բնակավայրում առհասարակ ուշադրություն չեն դարձրել և չեն քննարկել ֆրանսիական Charlie Hebdo պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն ու դրանց հետ կապված Բորիս Նեմցովի գնահատականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG