Մատչելիության հղումներ

Նեմցովի կուսակիցները չեն հավատում սպանության պաշտոնական վարկածին


Նեմցովի կուսակիցները չեն հավատում սպանության պաշտոնական վարկածին
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

Վլադիմիր Միլովը, ով Բորիս Նեմցոփվի հետ համահիմնադրել է Ռուսաստանի հանրապետական-ժողովրդական ազատության կուսակցությունը, հայտարարել է, թե չի հավատում քաղաքական գործչի սպանության պաշտոնական վարկածին։

Միլովի փոխանցմամբ, կասկածից վեր է և ակնհայտ, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունն առնչություն ունի Նեմցովի սպանության հետ։

«Ես համոզված եմ, որ կառավարությունը շահագրգռված էր ընդդիմության շարքերում խուճապ առաջացնելու մեջ», - ասել է Միլովը։

Կուսակցության մեկ այլ լիդեր՝ Իլյա Յաշինը, անհեթեթություն է անվանել իրավապահների ներկայացրած պաշտոնական վարկածը։

«Մեր ամենամռայլ կանխատեսումներն իրականություն են դառնում, ես համոզված եմ, որ Բորիսին սպանել են Կրեմլի հրահանգով, մարդասպանին ձերբակալել են, հրաման արձակողն ազատության մեջ է», - ասել է Յաշինը և ավելացրել. - «Քննիչների այն վարկածը, թե Նեմցովին սպանել են ինչ-ինչ իսլամական դրդապատճառներով, կազմվել է ընդամենը Պուտինին կասկածյալների շարքից դուրս հանելու համար»։

Նույն կարծիքն են հայտնել նաև նախկին վարչապետ, ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը և Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը։

Անցած կիրակի օրը Մոսկվայի Բասմաննի դատարանի խոսնակ Աննա Ֆադեևան լրագրողներին հայտնել է, որ կալանավորվել է հինգ քաղաքացի, նրանցից երկուսը մեղադրվում է Նեմցովի սպանության մեջ, երեքն էլ կասկածյալների կարգավիճակում են։

Սպանության մեղադրանքը ներկայացվել է չեչենական ծագում ունեցող Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին, մնացած երեք կասկածյալներն էլ Հյուսիսային Կովկասից են։

Հաղորդվում է, թե Դադաևը խոստովանել է սպանությանը մասնակցելու փաստը։ Իրավապահների պնդմամբ, բուն սպանությունը ծրագրել են Դադաևը և ոմն Բեսլան Շավաևը, երկուսն չեչենական «Հյուսիս» հատուկ ստորաբաժանման նախկին զինծառայողներ։

Դադաևը կալանավորված է, իսկ Շավաևն, ինքն իրեն նռնակով պայթեցրել և զոհվել է, երբ ոստիկանները փորձել են նրան ձերբակալել Գրոզնիում։

«Նեմցովի սպանությունը նրանց անձնական մտահղացումն էր, նրանք պատվիրատուներ չեն ունեցել»,- «ՌԲԿ Դեյլի» կայքին հայտնել է Ռուսաստանի իրավապահ համակարգի մի անանուն պաշտոնյա։

Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ին հենց Մոսկվայի կենտրոնում` Կրեմլից ոչ հեռու։

Նեմցովի զինակիցները համոզված են, որ հանդուգն և հրապարակային սպանության պատվիրատուները Դաշնության բարձրաստիճան ղեկավարներն են։ Կասկածյալներին ձերբակալել են մարտի 7-ին։

Իրավապահներն առաջ են տանում այն վարկածը, որ Նեմցովին սպանել են իսլամիստները, որոնց, իբրև թե, զայրացրել են Նեմցովի մեկնաբանությունները մահմեդականների հասցեին, հատկապես այն, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդը դատապարտել է «Շառլի Էբդո» խմբագրակազմի սպանությունը և իր համերաշխությունն է հայտնել երգիծական հանդեսին։

Դադաևն, իբր, ասել է քննիչներին, որ Նեմցովին սպանել է Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։

Մինչդեռ, Իլյա Յաշինի պնդմամբ, Նեմցովը չափազանց հանդուրժող անձ էր և երբեք իսլամի կամ որևէ այլ կրոնի մասին վատ բան չի ասել։

«Ես համոզված եմ, որ նրան սպանել են ոչ թե կրոնական, այլ քաղաքական դրդապատճառով»,- ասել է Յաշինը և ավելացրել. - «Եթե հետաքննությունը նախապատվությունը տա կրոնական վարկածին, ապա մեր երկրում քաղաքական սպանություններ էլի կլինեն»։

Ընդդիմությունը նաև կապ է տեսնում Նեմցովի սպանության և նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին Պատվո շքանշան շնորհելու մեջ, թեպետ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ երկու իրադարձությունները պարզապես համընկել են։

«Կադիրովին շքանշան տալը, փաստորեն, պահպանագիր է, այն վկայում է Կադիրովի քաղաքական պաշտպանության և նրան անձեռնմխելիների շարքը դասելու մասին»,- ասել է Յաշինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG