Մատչելիության հղումներ

Հիմնադիր խորհրդարանը կփորձի ստանալ հասարակության համաձայնությունը նոր սահմանադրություն մշակելու համար


Հիմնադիր խորհրդարանը մերժում է իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները և փոխարենը բարեփոխումների իր տարբերակն է առաջարկում:

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն այսօր հայտարարեց, որ իրենք պատրաստել են այսպես կոչված՝ քաղաքացիական պայմանագիր, որով կփորձեն ստանալ հասարակության համաձայնությունը նոր սահմանադրություն մշակելու համար:

«Բովանդակության իմաստով կան մշակումներ Հիմնադիր խորհրդարանի կողմից, որը որպես առաջարկ դրվելու է ժողովրդին: Առաջարկված սահմանադրության պարագայում, վերևից իջեցված սահմանադրություն է, որտեղ ժողովուրդը անմասն է, միայն կուսակցություններն են մասնակցում, այն էլ՝ այդ կուսակցությունների արժեքը մենք արդեն գիտենք ինչ է: Մեթոդոլոգիան նախևառաջ պետք է լինի ժողովրդական, այսինքն՝ ժողովրդի մասնակցությամբ պիտի արվեր դա, առաջարկները պիտի ժողովրդից լինեին», - ասաց Չուքասզյանը:

Նախագահ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները էական նշանակություն չեն կարող ունենալ Հայաստանի համար, քանի դեռ հանրությունը մասնակից չէ այդ գործընթացին, հայտարարում է Հիմնադիր խորհրդարանը: Ըստ Չուքասզյանի, անցած ամիսներին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրականացված իրազեկման գործընթացը այն չէր, ինչ իրենք էին առաջարկում:

«Գիտե՞ք ինչ, ամենալավ սահմանադրությունը բովանդակության իմաստով ստալինյան սահմանադրությունն է եղել, բայց դրանից արժեք չունի այդ թուղթը: Թուղթը պիտի կրող ունենա, այդ թղթի հետևը պիտի ապրված տեքստ լինի, մարդիկ պետք է լինեն, ժողովուրդ պետք է լինի: Լավագույն թուղթն ու բովանդակությունը արժեք չունի, եթե մարդ չկա հետևը կանգնած: Իսկ այս սահմանադրության հետևը ժողովուրդ չկա, օլիգարխիա կա կանգնած», - կարծիք հայտնեց նա:

Չուքասզյանն ասաց, որ ապրիլի 24-ից արդեն կսկսեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները անկախ իշխանության պատասխան քայլերից: Իրենք պատրաստ են պայքարել հանուն վարչակազմի հեռացման:

«Ռեժիմի ձեռքերը շատ ավելի կապած կլինեն»

Հիմնադիր խորհրդարանի՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանն անդրադառնալով՝ Չուքասզյանն ասաց՝ իրենց չի խանգարի այն հանգամանքը, որ ապրիլի 24-ին Հայաստանը բազմաթիվ հյուրեր կունենա և որ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի Ցեղասպանության հարյուրամյակի վրա:

«Իշխանությունը չի կարող փակել ճանապարհները, ինչպես սովորական մնացած օրերին կարող է փակել: Այսինքն, մեր ժողովուրդը կարող է մասնակցել այդ օրը շատ ավելի մեծ քանակներով: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում և ցանկանում են մասնակցել: Հասկանո՞ւմ եք, այդ հնարավորություններից զրկված է մեր ժողովուրդը հենց այդ բռնատիրության պատճառով, որը փակում է ճանապարհները՝ ժողովրդին թույլ չի տալիս մտնել Երևան և այլն», - ասում է նա: - «Մի քանի օրինակ էլ կարող եմ ավելացնել․ նույն լուսաբանման հնարավորությունները, որ այդ օրը կլինեն՝ համաշխարհային, ռեժիմի ձեռքերը շատ ավելի կապած կլինեն»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս կոչերին ի պատասխան այսօր արդեն հիշեցնում է, որ ոստիկանությունը ապրիլի 24-ին ևս պահպանելու է հասարակական կարգը՝ արձագանքելով ցանկացած խախտման:

Քննադատելով ոստիկանությանը, իրենց խոսքով՝ ռեժիմին ծառայելու համար, Հիմնադիր խորհրդարանը շեշտում է, որ մինչև օրս չեն հայտնաբերվել անցած տարեվերջին իրենց ակտիվիստների ավտոմեքենաների հրդեհման, ծեծի ենթարկելու մեղավորները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG