«Հիմնադիր խորհրդարան»-ը զրպարտության համար պատասխանատվության է կանչում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին։
Նախաձեռնության հաղորդագրությունում ասված է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար Գագիկ Մելիքյանին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»:
Նույն հաղորդագրության համաձայն՝ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթը դեպի Լեռնային Ղարաբաղ իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք էին հարձակվել, ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: