Մատչելիության հղումներ

Բերձորի դեպքերի առթիվ ծառայողական քննությունն ավարտվել է


Բերձորի դեպքերի առթիվ ծառայողական քննությունն ավարտվել է
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

Ծառայողական քննության նյութերը մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում։

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Արդյունքների մասին, սակայն, Ղարաբաղի ստիկանությունից հրաժարվեցին «Ազատության»-ը մանրամասներ ներկայացնել:

Պաշտոնապես միայն հաղորդվում է, որ կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը մարտի 6-ին քննարկվելու են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում:

Օրերս Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում էր ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ, ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու և հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հունվարի 31-ին Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնել դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն Քաշաթաղի շրջանում բռնության էին ենթարկվել, մեքենաներն էլ վնասվել էին: Մինչ օրս «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործ չի հարուցվել:

Ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը, ով դեպքի օրը Ստեփանակերտից մեկնել էր Բերձոր՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին դիմավորելու, նախօրեին, ի նշան բողոքի, հրաժարվել է իրեն շնորհված «Արիության մեդալից»։

«Ազատության» հետ զրույցում պատերազմի վետերանն ասաց՝ չի հավատում, որ այս իշխանությունների օրոք իրական մեղավորները կբացահայտվեն:

«Այդ հանցագործությունը կազմակերպված է շատ բարձր մակարդակով, և, իհարկե, վերջում պետք է թաքցնեն: Պաշտոնանկություններ կարող են լինել ցածր օղակներում, ձևի համար, ցույց տալու համար, որ այս մարդիկ են մեղավոր, այս ոստիկանը, կամ այս անհատը, կամ ԱԱԾ այս գործակալը և այլն, բայց դրանք ստից, ձևական բաներ կլինեն, էդ մարդիկ ընդամենը գործիք էին այնտեղ, ոչ թե կազմակերպիչներ», - ասաց ազատամարտիկը։

Ավետիսյանին բերձորյան դեպքերից մի քանի օր հետո կանչել էին հարցաքննության, տեղազննում անցկացրել, խոստացել են նորություն լինելու դեպքում տեղյակ պահել:

«Մի երեք ժամ տևեց հարցաքննությունը, ասաց, որ մեզ հրահանգ է տրված, որ անաչառ լինենք, մինչև վերջ գնանք, ես ասացի, որ չեմ կասկածում, որ դուք ձեր գործը կարող է անաչառ տանեք որպես շարքային աշխատող, բայց վերջում, իհարկե, ընթացք չեն տա, այսինքն, գործը դատարան չի հասնի, իսկ հասնելու դեպքում էլ ոչ մի պատիժ չեն ստանա ո՛չ կազմակերպիչները, ո՛չ էլ իրականացնողները այդ ահաբեկչության», - ասաց ազատամարտիկը։

Փորձեցինք նաև ճշտել Ղարաբաղի օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի գնահատականը ոստիկանության անցկացրած ծառայողական քննության վերաբերյալ, սակայն, նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ իրենց գրասենյակ այս գործով ոչ ոք չի դիմել:

Արա Հարությունյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG