Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»․ Գյումրիի քաղաքապետարանը խոչընդոտում է Սեֆիլյանի հանդիպումը


Գյումրիի քաղաքապետարանն արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին տեղի Թատերական հրապարակում գյումրեցիների և շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով, հաղորդում է «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը:

«Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին: Այնուհետև՝ երբ «Ժառանգություն»-ը մեր խնդրանքով պաշտոնապես հրաժարվեց իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժեց մեր իրազեկումը վերանայելու դիմումը՝ պատճառաբանելով, որ նույն տեղում և նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում՝ ինչի համար համապատասխան խնդրանքով նախապես տեղեկացվել է «Ժառանգություն» կուսակցությանը։ Մինչդեռ «Ժառանգության» հավաքի իրազեկումը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանը մեզ պաշտոնապես հավաստիացրեց, որ այդպիսի դիմում չի ստացել» - ասված է հաղորդագրությունում։

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը պնդում է, որ «Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն, և իրականում, ռեժիմի ցուցումով, միտված են Շարժման քայլերը խափանելուն»:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թատերական հրապարակում նախատեսված միջոցառման մասնակիցները երեխաներ են, գյումրեցիների և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կազմակերպվում է այլ վայրում՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում՝ ժամը 16-ին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG