Մատչելիության հղումներ

Ավետիսյանների իրավահաջորդները գործի քննության մասին որևէ տեղեկատվություն չունեն


Ավետիսյանների իրավահաջորդները գործի քննության մասին որևէ տեղեկատվություն չունեն
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդները սպասում են, որ նախաքննություն իրականացնողները վերջապես կսկսեն պատասխանել իրենց հուզող տասնյակ հարցերին։

Հունվարի 12-ին ռուս զինծառայողի կրակոցներից սպանված գյումրեցի ընտանիքի իրավահաջորդը, Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների ավագ դուստր Լուսինե Ավետիսյանն ասում է՝ հանգիստ քնել չի կարողանում, սպանդի բացահայտման վերաբերյալ ցանկացած նորություն իր համար կարևոր է։ Ավելացնում է, որ ստորագրությամբ խոստացել է չհրապարակել նախաքննական գաղտնիքները, բայց նման գաղտնիքների չի էլ տիրապետում։

«Ինձ միայն դա է հետաքրքրում, որ ինձ ավելի շատ տեղեկատվություն տան, որովհետև ես ամեն օր քնելուց մտածում են, որ հենց հիմա ինձ կզանգեն, ինչ-որ բան կասեն, բայց ոչ մեկը չի զանգում։ Անհանգիստ իրավիճակ է ինձ մոտ, իմ ընտանիքի մոտ։ Երկու երեխա ունեմ, հենց տեսնում են, որ լացում են՝ ասում են խի՞ ես լացում, մամա... ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, եթե ինչ-որ բան կա, կանչեք ինձ, ասեք»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։

Լուսինե Ավետիսյանի խնդրանքը ուղղված է Հայաստանի իրավապահ մարմիններին, այդ թվում՝ գլխավոր դատախազին։ Սակայն հարազատները դեռ չեն որոշել՝ կգնա՞ն դատախազություն բարձրաձայնելու իրենց պահանջները, նամակ կգրե՞ն, բողոքի ցույց կանե՞ն, թե՞ այլ քայլի կդիմեն։ Ասում են՝ նախ պետք է խորհրդակցեն բոլոր մյուս իրավահաջորդների հետ, ինչից հետո կհայտնեն իրենց վերջնական որոշման մասին։

«Թե սրանից հետո ինչ քայլերի ենք գնալու դատախազության հետ կապված, պատրաստ չենք այդ հարցին պատասխանելու, որովհետև քննարկման ենթակա է»,- փոխանցեց իրավահաջորդներից Անահիտ Ավետիսյանի ամուսինը՝ Արթուր Կոշտոյանը։

Ընտանիքի յոթ անդամի կորցրած Ավետիսյանները գործի քննության հետ կապված որևէ էական տեղեկատվության չեն տիրապետում։

«Ուղղակի ուզում եմ իմաստը հասկանալ։ Ես էդ տան աղջիկն եմ, ամենաշատը ինձ է հետաքրքրում, թե ինչի՞ համար... անմեղ էին իրենք, ոչ մեկի ոչ մի բան չեն արել, ես դա հաստատ գիտեմ, դրա համար ինձ պետք է իմանալ, թե ինչո՞ւ հենց իմ տունը, ինչո՞ւ հենց իմ հարազատները»,- ասում էր Լուսինե Ավետիսյանը։

Ավետիսյանների հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը մինչդեռ ավելի մեղմ է իր ձևակերպումներում՝ խուսափելով քննադատել նախաքննական մարմնին։ Նա ասում է՝ դեռ չգիտենք ինչ են արել, որ քննադատենք։

«Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ որևէ տեղեկություն կարող ենք ստանալ ու մեզ չի տրամադրվում դա։ Բացառվում է նման բանը։ Այն տեղեկատվությունը, որը օրենքով սահմանված կարգով մենք կարող ենք, բոլոր միջոցներով իմանում ենք և խոչընդոտների, ըստ էության, չեն առաջացել։ Հարցը դրանում չէ։ Պահանջը հետևյալն է, որ մաքսիմալ արագ քննություն իրականացվի»,- ասաց փաստաբանը։

Ավետիսյանների հարազատներին ու նրանց փաստաբանին հատկապես հետաքրքրում են դատաբժշկական ու դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները։ Իսկ մինչ այդ արդեն տեղյակ են դատաքիմիական ու դեղագիտական փորձաքննությունների արդյունքներից։ Սպանված Ավետիսյաններից որևէ մեկը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, ոչ էլ հոգեմետ կամ որևէ այլ տեսակի դեղեր է ընդունած եղել մահվան նախորդած ժամերին։Ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ չեն եղել նաև Պերմյակովի հետ հերթապահություն իրականացրած մյուս զինվորները։

«Այս պահին մենք առավելապես սպասում ենք հենց դատաձգաբանական փորձաքննության եզրակացությանը, որով հնարավոր կլինի հստակեցնել՝ արդյոք բոլոր կրակոցները նույն զենքից են արձակվել, թե՝ ոչ, ինչը առանցքային նշանակություն ունի այս գործում։ Նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որոնցով համակցության մեջ կարող ենք պարզել դիրքերը վնասվածքները ստանալու ժամանակ, կամ վնասվածքները ստանալուց հետո նրանց հնարավոր գործողություններ կատարել-չկատարելու ունակությունը, որոնցից բխող նոր վարկածների անհրաժեշտություն կծագի»,- ասաց փաստաբանը։

Այսօր հրավիրված ասուլիսին Ավետիսյանների ընտանիքի երկուդստրերը՝ Լուսինե և Անահիտ Ավետիսյանները նաև հայտնեցին, որ դժգոհություններ չունեն ու պատրաստվում են շարունակել աշխատել փաստաբան Երեմ Սարգսյանի հետ։ Մինչդեռ Ավետիսյաններիերկու այլ իրավահաջորդներ հրաժարվել են փաստաբան Երեմ Սարգսյանի հետ աշխատել և առաջիկայում կունենան այլ փաստաբան։

Նշենք նաև, որ համաձայն Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ մյուս իրավահաջորդների ներկայացուցիչներ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և իրավաբան Արայիկ Զալյանը հնարավորություն կունենան ներկա գտնվել գործով նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:

XS
SM
MD
LG