Լրատվամիջոցների ու գյումրեցիների բազմաթիվ պահանջներից հետո, այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված նամակի լուսապատճենը, որում հաստատվում է, որ փետրվարի 3-ին Գևորգ Կոստանյանը դիմել է ռուս գործընկերոջը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցով:
Հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ ՌԴ գլխավոր դատախազությունը դեռ քննարկում է Հայաստանի դատախազության՝ ավելի քան 20 օր առաջ ուղարկված դիմումը: Քննարկման արդյունքների մասին Ռուսաստանի գլխավոր դատախազությունն առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնի:
Հայաստանի գլխավոր դատախազի նամակի բուն բովանդակության մասին, սակայն, դատախազությունը կրկին մանրամասներ չի հաղորդում, նշելով, որ Կոստանյանի՝ Մոսկվա ուղարկված միջնորդությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:
Հիշեցնենք, որ նամակի բովանդակությունը հրապարակելու պահանջով վարչական դատարան հայց է ներկայացվել: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով դատախազության այսօրվա հաղորդագրությունից դատելով՝ այն կմերժվի:
«Նախկինում եղել են դեպքեր, որ պետական պաշտոնյայի նամակը չի տրամադրվել այն որոնողին, այն պատճառաբանությամբ, որ դա նամակ է, տեղեկատվություն չէ, ես այդպիսի վեճ ունեցել եմ և պարտվել եմ դատական գործը: Դա անարդար է եղել: Այս մի դեպքում հղում է արվում օրենքին, որ դրա մեջ գաղտնիք կա, և չեմ բացառում, որ գաղտնիք կա», - ասաց Լևոն Բարսեղյանը:
Կոստանյանի գրության բովանդակությունը հրապարակելու պահանջ երեկ ներկայացրել էին նաև Ավետիսյանների հարազատները, որոնք պնդում են, թե մինչ օրս քննությունից որևէ տեղեկություն չունեն: Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու համար գյումրեցիները Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ 40 օր ժամանակ էին տվել, որն այսօր սպառվեց: Լևոն Բարսեղյանն ասում է, որ նամակի հրապարակմամբ դատախազությունն ընդամենը փորձեց կրակը մարել:
«Դա ընդամենը փորձեց զայրույթ մեղմել սպանվածների հարազատների երեկվա բողոքի ցույցից հետո, երբ մարդիկ փաստորեն վերջնաժամկետ նշանակեցին, որ հինգշաբթի գա էստեղ, խոսելու բան կա: Երևի ինքը չի գա էստեղ և փորձեց այսօր այդ նամակով ինչ-որ կերպ մեղմել այդ մարդկանց զայրույթը, բայց էդ թղթաբանությունը հրապարակելը չի օգնում սրան, մարդիկ արդեն գիտեն՝ ով է Կոստանյանը, ով է Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Հիմա արդեն այս պատմությունը լրջորեն դառնում քաղաքական պատմություն», - ասաց Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ Ավետիսյանների հարազատները նախօրեին Շիրակի մարզի դատախազությունում էին և պահանջում էին, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գա Գյումրի և պատասխանի քրեական գործի հետ կապված բազմաթիվ անպատասխան մնացած հարցերին: Կոստանյանին Ավետիսյանները մինչև հինգշաբթի ժամանակ տվեցին: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցեց, որ այս պահին գլխավոր դատախազի՝ Գյումրի մեկնելու հարց օրակարգում չկա: Ավետիսյանների հարազատներն ասացին, որ իրենք ամեն դեպքում ևս 2 օր կսպասեն և ուրբաթ օրը փողոց դուրս կգան:
«Հայաստանի իշխանությունները երևի թե հրաժարվում են Շիրակի մարզի և քաղաքի վրա իշխանություն լինելուց: Էն որ քվեարկություններով իրենք շպրտվել են մի կողմ՝ անցած տարիների ընթացքում, դա հայտնի էր, հիմա ուղղակի ձեռք են քաշել, զահլա չունեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բարսեղյանը: