Հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները այսօր մի քանի ժամ հրաժարվում էին դուրս գալ Շիրակի մարզի դատախազի աշխատասենյակից՝ պահանջելով, որ վերջինս Գյումրի հրավիրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հարազատները պնդում են, որ մինչ օրս տեղեկություններ չունեն գործի քննության, կասկածյալի ու շրջանառվող վարկածների վերաբերյալ:
«Թող գլխավոր դատախազը գա, ներկայացնի այս դեպքի մասին, մեզ ասի՝ ինչն է պատճառը, որ չեն կարող բացահայտել էս գործը, ի՞նչ կա վախենալու, ի՞նչ կա էդտեղ... ինքը պետք է մեր հարցերի պատասխանի»,- ասում էր հարազատներից մեկը։
«Գոնե իմանանք սրա պատճառը, մի տեղեկություն իմանանք, որ մենք էլ հանգիստ մնանք, արդյոք Պերմյակո՞վն է, թե՝ չէ... կամ արդյոք ներսում գտնվողը Պերմյակո՞վն է, մենք դեմքն էլ չենք տեսել։ Ասում են՝ ընկած էր գետնին, քիթուբերնի, կարող է շատ սովորական քաղաքացի է, գնացին բռնին ու տարան։ Մենք չենք տեսել։ Դուք չեք տեսել։ Ոչ մեկը չի տեսել։ Ոչ մի բան չգիտենք, այսինքն առանց հանցագործի քննվում է այս գործը։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են քննում»,- ասում էր մեկ այլ հարազատ։
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մերժեց Գևորգ Կոստանյանին Գյումրի կանչելու՝ հարազատների պահանջը, առաջարկեց դիմում գրել կամ գնալ Երևան՝ գլխավոր դատախազություն, քանի որ Շիրակի մարզի դատախազությունը վարույթն իրականացնող մամին չէ, և քրեական գործի շրջանակներում որևէ հարցի չի կարող պատասխանել:
«Էս գործը ոչ հսկող ենք, ոչ էլ վերահսկող։ Հսկողություն իրականացնում է գլխավոր դատախազությունը, նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը»,- ասաց Շիրակի մարզի դատախազը։
Ավետիսյանների հարազատները գլխավոր դատախազից մի շարք պատասխաններ են ակնկալում՝ ինչպե՞ս են քննիչները գործը քննում առանց գլխավոր կասկածյալի, ի՞նչ է գրել Կոստանյանը ռուս գործընկերոջը և արդյոք անցած շաբաթների ընթացքում ռուսական կողմը պատասխանե՞լ է այդ դիմումին:
«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ գլխավոր դատախազի համապատասխան գրությունը ուղարկվել է, սպասեք պատասխանին»,- ասաց Ասլանյանը։
Ավետիսյանների հարազատներն այսօր դժգոհեցին նաև իրենց շահերը ներկայացնող փաստաբանից։ Նրանք հրապարակավ դիմեցին փաստաբաններին՝ խնդրելով օգնել իրենց այդ հարցում.- «Թող կապվեն մեզ հետ, մեզ գործ անող փաստաբաններ են պետք»։
Չնայած մարզի դատախազի հորդորներին՝ Ավետիսյանների հարազատներն այդպես էլ դուրս չեկան նրա աշխատասենյակից: Ավելի ուշ նրանց միացան ոստիկանության աշխատակիցները և փակ դռների հետևում հանդիպեցին սպանվածների հարազատների հետ: Մոտ կես ժամ տևած առանձնազրույցից հետո հարազատները որոշեցին դուրս գալ դատախազի աշխատասենյակից, միաժամանակ Գևորգ Կոստանյանին վերջնաժամկետ տվեցին մինչև հինգշաբթի, որ վերջինս գա Գյումրի ու իրենց բարձրացրած հարցերին պատասխան տա: Այլապես սպառնացին փողոց դուրս գալ:
«Թող անպայման հանդիպում ունենա մեզ հետ, որպեսզի տեսնենք ինչ անենք դրանից հետո։ Եթե չգա, արդեն չգիտեմ, միտինգներ կանենք, ինչպես այն ժամանակ... մենք ուղղակի չենք ուզում, որ մեր փոխարեն ուրիշ քաղաքացի տուժի»։
Ավելի ուշ իրավապահները Ավետիսյանների հարազատներին ուղեկցեցին ոստիկանության Կումայրի բաժին՝ զրուցելու: Թե փակ դռների հետևում մեկ ժամից ավելի ինչ էին քննարկում կամ փորձում համոզել հարազատներին, պարզ չդարձավ: