Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ու Մամեդյարովը սեպտեմբերի վերջին կհանդիպեն Նյու Յորքում


Հանդիպումը պատրաստելու համար մինչև ամսվա վերջ տարածաշրջան կայցելի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակեն Նյու Յորքում: Այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում:

Մամեդյարովը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը պատրաստելու համար մինչև սեպտեմբերի վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ այս հանդիպման շրջանակներում Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել սկսել խաղաղության մեծ ծրագրի վրա աշխատանքները, որոնք հիմնված կլինեն Մադրիդյան սկզբունքների վրա:

Անդրադառնալով Ուելսում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարարը ընդգծել է, որ այդ հանդիպման ժամանակ նշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ, խաղաղ համաձայնություն ստորագրելու անհրաժեշտությունը:

«Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ծանոթացել է բանակցային գործընթացին և ուսումնասիրել նոր քայլերի հնարավորությունները», - ասել է Մամեդյարովը՝ մոլդովացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Հնչեցնելով Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Հայաստանը առաջարկում է հետ քաշել դիպուկահարներին, ապա ադրբեջանական կողմը առաջարկում է հետ քաշել զորքը և ուղարկել զորամասեր:

Պաշտոնական Ստեփանակերտն էլ իր հերթին է հնչեցնում իր դիրքորոշումը և ընդգծում, որ այն անփոփոխ է մնում:

«Չկա վերադարձ անցյալին՝ թե կարգավիճակի և թե սահմանների առումով», - Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Նյու Յորքյան հանդիպումից առաջ Ադրբեջանին և մեկ անգամ հիշեցնում է, որ բոլոր այդ բանակցություններն ընդամենը ուղղված են խաղաղ գործընթացը պահպանելուն, իսկ վերջնական կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է Ղարաբաղի մասնակցությունն այդ բանակցություններում:

Բաբայանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե քննարկվի այդ բանակցությունների սեղանին:

Ղարաբաղը բանակցություններ վերադարձնելու շուրջ այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Ռուկեն:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ փոխհամաձայնության ձեռքբերման համար», - մասնավորապես հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք, սեպտեմբերի չորսին, Ուելսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում Սարգսյան – Ալիև հանդիպումը: Այդ հանդիպումից առաջ, այսօր Ստեփանակերտ են ժամանել մի խումբ ֆրանսիացի պատգամավորներ, ովքեր մի շարք հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես Ազգային ժողովում Ղարաբաղի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի անդամ Ալեն Ներին, հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն ազատության, ժողովրդավարության սկզբունքները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը։ Այս մասին փոխանցում է Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

XS
SM
MD
LG