Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ «Արցախի անկախության ամրագրումը դառնում է պարտադիր»


Փոստանջյան․ «Արցախի անկախության ամրագրումը դառնում է պարտադիր»
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Փոստանջյան․ «Արցախի անկախության ամրագրումը դառնում է պարտադիր»

«Ժառանգություն»-ը դարձյալ մտադիր է Ազգային Ժողովի օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Հայաստանն այժմ պարտադրված միանում է Եվրասիական միությանը և հատկապես այս համատեքստում Արցախի անկախության ամրագրումը դառնում է պարտադիր․ - «Հայաստանի Հանրապետությունը պարտադիր պետք է ճանաչի Արցախը և դրանից հետո նոր որոշումներ կայացնի այլ ձևաչափերով միջազգային ասպարեզներում հանդես գալու համար»:

Պատգամավորի խոսքով, ճանաչելով Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը թղթին է հանձնում 20 տարի առաջ ցույց տված միասնական կամքը: Մինչդեռ պաշտոնական Երևանն այսօր նույնիսկ շուրջը չի նայում․ Ամերիկայի հզոր նահագներից մեկը՝ Կալիֆորնիան Արցախի անկախությունն ամրագրեց, Հայաստանն իրեն հեռու է պահում այս գործընթացից, փոխանակ ինքը նախաձեռնի:

Փոստանջյանի համոզմամբ, ճանաչումը նաև կօգնի, որ պաշտոնական Ստեփանակերտը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնա․ - «Լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, մենք ինքներս պետք է մեր ճանաչմամբ ուժ տանք Արցախի պետությանը: Ձևաչափը պետք է փոխվի, և Արցախը ինքը պետք է լինի բանակցային կողմ, նաև հանդես գա միջազգային տարբեր ատյաններում»:

«Ժառանգության» հերթական այս նախաձեռնության մասին իշխող Հանրապետականը լսել անգամ չի ուզում: Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վերահաստատեց կուսակցության՝ արդեն մի քանի անգամ հայտնած դիրքորոշումը․ - «Այն կուսակցությունը չի Հանրապետական կուսակցությունը, որ յուրաքանչյուր ամիս իր դիրքորոշումը փոխի: Դա խոչընդոտելու է բանակցային ընդհանուր գործընթացին, և չեմ կարծում, որ դրանով մեր Հանրապետությանը դրական արդյունք կարելի է ակնկալել»:

Զարուհի Փոստանջյանը տարակուսած է՝ այդ հիմա ենք խոցելի, մինչդեռ Ղարաբաղի անկախությունը ճանաչելով ընդհակառակը կարող ենք ավելի ճկուն դառնալ՝ բանակցային գործընթացում ներկայանալով հայկական երկու պետություններով․ - «2006 թվականին, երբ Արցախի հանրապետությունը ընդունում էր իր Սահմանադրությունը, տարբեր տեսակետներ կային, որ պետք չէ այդ Սահմանադրությունը ընդունել, մենք կխոչընդոտենք բանակցային գործընթացին և այլն: Կալիֆորնիայի նման նահանգը երբ ճանաչում է, ի՞նչ է խոչընդոտվել, դուք տեսե՞լ եք որևէ խոչընդոտ»:

Անկախության ճանաչումը, ըստ Զարուհի Փոստանջյանի, պաշտպանության և անվտանգության լրացուցիչ երաշխիք է Ղարաբաղի համար, հատկապես, որ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքերը տարածքների վերադարձ են նախատեսում․ - «Այն անձը, ով այդ փաստաթղթի տակ ստորագրեց՝ Սերժ Սարգսյանը, խախտել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը՝ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված պետական դավաճանություն: Եվ այս պարագայում խոսել այն մասին, որ մենք կարող ենք բանակցել և բանակցություններն արդյունք են տալիս, դա ուղղակի միամտություն է»:

«Ժառանգության» ներկայացուցիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ նախօրեին Լեռնային Ղարաբաղում էին: Պնդում են, թե այնտեղից էլ է հնչում այդ պահանջը, նույնիսկ՝ օրենսդիրների շուրթերից, բայց պաշտոնապես չեն բարձրաձայնում, որ չհակադրվեն Երևանին:

«Միանշանակ է, որ ենթակայություն կա այսօրվա՝ բռնազավթիչների ներքո գտնվող այս իշխանություններին», - ասաց Փոստանջյանը:

Գագիկ Մելիքյանը հակադարձում է՝ նույնիսկ օգոստոսյան սահմանային լարվածությունը չէր կարող անկախության ճանաչման պատճառ դառնալ․ - «Հանրապետության նախագահը այդ առումով իր դիրքորոշումը հայտնել է նույնպես․ որ կարիքը լինի և եթե հանկարծ ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը Ադրբեջանի կողմից նորից բարձրացվի, ապա այդ պարագայում մենք անմիջապես կճանաչենք»:

«Եթե մենք ունենայինք ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն, ապա մենք այս տիրույթում չէինք գտնվի, այլ կհետապնդեինք մեր ազգային շահը: Այսօր այն անձինք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ովքեր գնացին 2008 թվականին ստորագրեցին Մայնդորֆյան հռչակագիրը, հայ-թուրքական արձանագրությունները, նրանք ուղղակի նշանակված անձինք են․ իրենց ինչպես հրամայում են, նրանք այդ կարգադրության ներքո գործում են», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG