Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը


ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը և ինքնիշխանությանը, ասված է այսօր Ուելսում ընդունված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։

«Այս համատեքստում մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հիմնվելով հիշյալ սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- հայտարարում են դաշինքի անդամները:

«Այս հակամարտությունների գոյությունը մտահոգություն է պատճառում և նվազեցնում է տարածաշրջանի ժողովուրդների ողջ ներուժի բացահայտումը՝ որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական լինել և ամուր քաղաքական կամք դրսևորելով մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»,- ասված է հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածում։

Երեկ ելույթ ունենալով գագաթնաժողովի ամբիոնից՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ կհաղթի առողջ բանականությունը ու խաղաղության ձգտումը։

«Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում», - ակնարկելով Թուրքիային՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Պաշտոնական Երևանը, ինչպես հայտնի է, դժգոհել է ՆԱՏՕ-ի վերջին մի քանի գագաթնաժողովների ընդունած հռչակագրերից, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի մասին պարբերությունում նշվում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ շրջանցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG