«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Հակառակ պարագայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կման նույն մակարդակի վրա», - այսօր Բաքվում Իլհամ Ալիևի հետ ավելի քան մեկ ժամ տևած դռնփակ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա այս խոսքերը մեջբերում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը` հավելելով նաև, որ բանակցությունների ընթացքում Էրդողանը իր ադրբեջանցի պաշտոնակցին հավաստիացրել է, թե իր` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բաքվի և Անկարայի հարաբերությունները միանգամայն նոր որակ են ձեռք բերելու:
«Այսուհետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները այլ կերպ կզարգանան: Այս պահից սկսած տարածաշրջանային խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն մեր երկու պետությունների համատեղ ջանքերի շնորհիվ», - հայտարարել է Էրդողանը:
Կեսօրին մոտ՝ դեմ առ դեմ բանակցությունների ավարտին, Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել հայտարարություններով` խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս հայտարարություններից պարզ է դարձել, որ հայկական խնդիրները այսօր Բաքվում կայացած բանակցությունների առանցքային օրակարգային կետն էին:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեր բանակցությունների թեման էր: Կարող եմ ասել, որ այս հարցը մշտապես գտնվում է մեր բանակցություններին օրակարգում և այսօր էլ մենք քննարկում էին այն քայլերը, որ հետագայում պետք է ձեռնարկենք այս ուղղությամբ»`-հայտարարել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը:
Ադրբեջանի նախագահն էլ հարկ է համարել մեկ անգամ ևս գովեստի խոսքեր հնչեցնել Անկարայի հասցեին` ղարաբաղյան խնդրում որդեգրած ադրբեջանամետ դիրքորոշման համար:
«Թուրքիան մշտապես բացահայտ կերպով արտահայտել է իր դիրքորոշումը` աջակցելով ճշմարտությանը: Ադրբեջանական հողերը շարունակում են զավթված մնալ, մեկ միլիոն փախստական կա, ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն է իրականացվել: Աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը` ՄԱԿ-ը, չորս բանաձև է ընդունել այս հակամարտության մասին: Ցավոք սրտի, Հայաստանը շարունակում է անտեսել այս բանաձևերի դրույթները: Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի», - հայտարարել է Ալիևը` նշելով նաև, որ այսօր կայացած հանդիպման ընթացքում ինքն ու Էրդողանը չեն շրջանցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հարցը:
«Դրա հետ մեկտեղ ադրբեջանական կողմը միջազգային բոլոր կառույցներում մշտապես աջակցում է Թուրքիային, երբ Հայաստանը փորձում է առաջ քաշել այսպես կոչված ցեղասպանության հարցը: Թուրքիան և Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունների, դեսպանությունների, արտերկրում գործող թուրքական և ադրբեջանական կառույցների միջոցով համատեղ ջանքեր են գործադրում այսպես կոչված ցեղասպանության մասին հայկական այս կեղծիքը բացահայտելու ուղղությամբ: Միանշանակ է, որ այդ պնդումները չունեն որևէ պատմական հիմք: Մենք համատեղ ուժերով շարունակելու ենք հերքել Հայաստանի և համաշխարհային հայության կողմից Թուրքիային ներկայացվող այս անհիմն մեղադրանքները: Այդ բոլոր պնդումները պարզապես կեղծիք են ու զրպարտանք», - հայտարարել է Ալիևը: