Այսօր Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու» հատկանիշներով։
«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեղադրանքը հաստատվելու պարագայում նախկին նախագահին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։
Նախօրեին դատախազությունը հայտարարել էր, որ որոշել է որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության կանչել Սաակաշվիլիին:
Հիշեցնենք՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում, մինչ արտակարգ դրություն հայտարարելը, Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե երկրում հեղաշրջման փորձ է կատարվել, հետո եթերազրկվեց «Իմեդի» հեռուստատեսությունը, դադարեցվեցին նաև «Իմեդի»-ի ռադիոհաղորդումները. մոտավորապես 100 ոստիկան էր ներխուժել ու վերահսկողության տակ վերցրել հեռուստաընկերությունը:
«Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Թբիլիսին Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարի Սաակաշվիլիի նկատմամբ։