Մատչելիության հղումներ

«Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրի գործողությունը դադարեցվեց


Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրի գործողությունը Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ երեկ երեկոյան դադարեցվել է, ընկերության գույքի վրա կալանք է դրված, շենքի դռները փակվել եւ կնքվել են:

Միջնորդությունը ներկայացրել էր Վրաստանի գլխավոր դատախազությունը` հիմնավորելով, թե այդ հեռուստաալիքով իշխանությունը տապալելու կոչեր են հնչել:

«Դատարանի որոշման դրդապատճառը այն էր, որ նոյեմբերի 7-ին մեր հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվել է Բադրի Պատարկացիշվիլիի հայտարարությունը, որով նա պատրաստակամություն էր հայտնում ֆինանսավորել ընդդիմադիր շարժումը », - լրատվամիջոցներին ասել է «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին:

Մինչ եթերազրկվելը` 5 օր շարունակ, «Իմեդի»-ն ուղիղ եթերում հեռարձակում էր վրաց ընդդիմության հանրահավաքները, ելույթները, հայտարարությունները, բախումները իրավապահների հետ: Նոյեմբերի 7-ի ժամը 21:00-ին` լուրերի թողարկման ժամին, ստուդիայում մեկնաբանին փոխարինած լրատվական բաժնի ղեկավար Գեորգի Թարգամաձեն հաղորդեց, որ զինված հատուկ ջոկատայինները մտնում են հեռուստատեսության շենք: Ականատեսների վկայությամբ, ավտոմատներով զինված, սեւ դիմակներով հատուկ ջոկատայինները շենքում «ահաբեկչական գործողություն էին իրականացրել»` ծեծելով պահակազորային ծառայության աշխատակիցներին, ահաբեկելով աշխատակազմին եւ ջարդուփշուր անելով հեռուստաընկերության գույքը:

Վրացական ընդդիմությունը մտահոգություն է հայտնել իշխանությունների այս քաղաքականության առնչությամբ` կոչ անելով դադարեցնել անկախ լրատվամիջոցների դեմ ոտնձգությունները:

«Նախընտրական շրջանում սկսվել են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ, ինչը կխոչընդոտի ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանը», - հայտարարել են ընդդիմադիրները:

Իշխանությունները, սակայն, հիմնավորում են, թե «Իմեդի»-ն անկախ չէ եւ փաստացիորեն ծառայում է վրաց մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին, ում նկատմամբ անցած ուրբաթ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել` մեղադրելով նրան պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, եւ ով օրերս հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին:

Գործարարը դեռեւս հոկտեմբերի վերջին «Իմեդի» հեռուստաընկերության իր բոլոր բաժնետոմսերը վաճառել է ամերիկյան «Նյուզ քորփորեյշն» ընկերությանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG