Մատչելիության հղումներ

Վրաստանում` արտակարգ դրություն


Երեկ ուշ երեկոյան Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հեռուստատեսությամբ հայտնեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

«Նախագահը հատուկ հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարել` միայն Թբիլիսիում, 48 ժամով: Սահմանադրության համաձայն, որոշումը ենթակա է խորհրդարանի հաստատմանը: Ժամանակավոր սահմանափակումները վերաբերում են հանրահավաքներին ու ցույցերին, եւ, բնականաբար, լրատվամիջոցներով արգելվում են բռնությունների, անհնազանդությունների եւ իշխանությունը տապալելու կոչերը», - ասաց Նողաիդելին:

Վարչապետի խոսքերով` երկրում հեղաշրջման փորձ է կատարվել:

Մինչ արտակարգ դրություն հայտարարելը տեղական ժամանակով ժամը 21:00-ին եթերազրկվեց «Իմեդի» հեռուստատեսությունը, դադարեցվեցին նաեւ «Իմեդի»-ի ռադիոհաղորդումները: Ժամը 21:00-ին լուրերի թողարկման ժամանակ հաղորդավարները հանկարծ հայտնեցին, որ շենք են մտել հատուկ ջոկատայինները` դիմակներով: Հաղորդավարներին փոխարինեց լրատվական բաժնի ղեկավար Գեորգի Թարգամաձեն: Նա ասաց, թե մտադիր չեն դիմադրություն ցույց տալ. - «Ես հույս ունեմ, խորապես համոզված եմ, որ նրանք մարդկանց վնաս չեն տա: Շենքում ուժեղ աղմուկ է, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում: Մենք դեռ եթերում ենք, բայց հյուրերն արդեն ժամանեցին: Ցտեսություն եւ մի անհանգստացեք` ամեն ինչ լավ կլինի: Վերջ, մենք արդեն եթերում չենք»:

Ներքին գործերի նախարարությունից ասել են, թե ավելի ուշ հայտարարություն կտարածեն «Իմեդի» հեռուստաընկերության հետ կապված: Նախարարության մամլո խոսնակ Շոթա Ութիաշվիլին «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել էր, թե լրագրողներին վտանգ չի սպառնում` «նրանք կարող են տուն գնալ»:

Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով այժմ վրաց ընդդիմադիրների առաջնորդներից է, գտնվում էր հեռուստաընկերության շենքում: Նրա պատմելով` մոտավորապես 100 ոստիկաններ են ներխուժել ու վերահսկողության տակ վերցրել հեռուստաընկերությունը:

«Իմեդի» հեռուստաընկերությունից «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել են, որ հատուկ ջոկատայինները ջարդել են հեռուստաընկերության սարքավորումները, իսկ Գեորգի Թարգամաձեն ձերբակալվել է:

«Իմեդի»-ի ռադիոեթերով էին հեռարձակվում «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայություն հաղորդումները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, կեսգիշերին կայացած ճեպազրույցում Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն հայտարարել է, որ Սահակաշվիլին, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրամանագիր է ստորագրել երկրի ամբողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն սահմանելու մասին: Վրաստանի օրենսդրությամբ` հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, թեեւ 48 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի խորհրդարանի վավերացմանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG