Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը դատարանում սպասում է տուժող Վալերի Օսիպյանին


Շանթ Հարությունյանը դատարանում սպասում է տուժող Վալերի Օսիպյանին
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00

Շանթ Հարությունյանն այսօր դատարանում հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին ոստիկաններն իրենց սադրել են, մինչդեռ սադրիչները ոչ միայն անպատիժ են մնացել, այլև հիմա ամբաստանյալի աթոռին են հայտնվել քաղաքական պայքարի դուրս եկածները:

Շանթ Հարությունյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հարցին, թե նոյեմբերի 5-ին իրեն թևանցուկ անելով՝ ի՞նչ էր ասում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Մեկը հարց չի տվել՝ ընկեր Օսիպյան դու Շանթի հետ ի՞նչ էիր խոսում, եթե Շանթը խուժան էր, ըտեղ բռնեիք, տանեիք: Բայց եթե դու շանտաժ էիր անում, ասում էիր ընդեղ կռիվ եմ սարքելու քեզ կալանավորեմ, որ դու հենց հիմա փախնես տուն, Շանթը ասում էր՝ կռիվ կսարքես, չեմ փախնի, որովհետև ես քաղաքական հայացքների համար պատրաստ եմ մեռնեմ: Սա չի պարզել քննիչը», - ասաց Հարությունյանը:

Իսկ ի՞նչ պիտի դատարանում ասի Վալերի Օսիպյանն՝ ըստ Շանթ Հարությունյանի․-«Կարողա էն մարդը գալիս ասում ա՝ հա, ինձ Սերժը կանչել ա, կամ Վովան կանչել ա, ասել ա գնա Շանթի հետ կռիվ սարքի, պրովակացիա սարքի, էնի մեկա ինքնասիրություն ունեցող տղա ա․․․»:

Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ գիտակցաբար է միացել Շանթի պայքարին՝ «ելնելով էն վիճակից, որ հիմի կա»:

Վարդան Վարդանյանը հիշեցրեց բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական համազգեստի անհրաժեշտության մասին պաշտոնական հայտարարությունները և այն, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները տուժող են դարձել․ - «Հիմի ես ուզում եմ իմանամ՝ էդ մարդը թքած ունի Վովայի տված հրամանի վրա, թե առաջադրանք ա կատարում: Էդ մարդը ինչ գործ ուներ ընդեղ քաղաքացիական համազգեստով, որ հըլը մերոնց էլ քաշքշում էր: Ես էլ մտածեցի, որ էտի Ադրբեջանի շպիոն ա, հեսա կրակելու ա ոստիկանների վրա սկսենք իրար խփել, վնասազերծեցի նրան, դրա համար ինձ պետք ա պարգևատրեք, ոչ թե դատեք»:

Պահեստազորի փոխգնդապետը հարցրեց՝ ինչո՞ւ են ճգնում իրենց դատել առանց ապացույցների․ - «Նիուժելի էսքան հզոր կառույցը, մեր ոստիկանները, որ ջանասիրաբար էսքան գործ են սարքել գլխներիս, չեն կարում էդ պահը գտնեք ցույց տաք, ես էլ ասեմ՝ հա ախպեր ջան մեղավոր եմ: Սարքելն էլ ձև ունի»:

Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Սևակ Մնացականյանը խոսեց երկրի տերը լինելու մասին․- «Մենք էս երկրի զուտ բնակիչները չենք, մենք էս երկրի տերերն ենք: Ես չեմ ուզում, որ իմ հայրենիքը վերածվի արոտավայրի ու դրա համար պայքարելու ենք մինչև վերջ»:

Նույն մեղադրանքով Տիգրան Պետրոսյանը հայտարարեց․- «Մեր երկիրը մեր ձեռը չի, էս էլ մեր բանակն ա, մենք մեր երկրի մարտիկներն ենք սենց, թե նենց: Մենք խուլիգան չենք»:

Արմեն Հովհաննիսյանը, որը 20 տարի ծառայել է որպես սպա, ասաց, որ եթե տեսագրություններն ապացուցում են մեղադրանքը, ուրեմն ինքը իսպանական օդաչու է․ - «Շինծու ապացույցներով դուք ուզում եք սարքեք մեր գլխին, որ մենք խուլիգանություն ենք կատարե՞լ: Ոչ, էդ դուք էլ եք հասկանում ու պարտավոր եք մեզ ազատել էդ գերությունից կամ էլ դուք պիտի խոստովանեք, որ մեզ հետապնդում եք քաղաքական հայացքների համար, նրա համար, որ մենք դեմ ենք, որ մեր իշխանությունը ոտնահարի սեփական ժողովրդի արժանապատվությունը»:

Հայկ Հարությունյանը վկայակոչեց ոստիկաններից մեկի ցուցմունքը նոյեմբերի 5-ի վերաբերյալ․- «Ասում ա, երբ մենք եկանք, հասարակությունը հայհոյանքներն ուղղել էր ոստիկանության ու իշխանության նկատմամբ: Էդ պարզ ապացույց ա, որ մեր արածը ոչ թե խուլիգանություն ա, այլ ուղղակի մենք մեր երկրին տեր կանգնելու պահանջով ենք դուրս եկել»:

Ալբերտ Մարգարյանը բնորոշեց նոյեմբերի 5-ին դրսևորված ոստիկանությանը․- «Մեր ոստիկանները չգիտեմ ինչի մնացել են նույն սովետական միլիցիան»:

Ավետիս Ավետիսյանը միակն էր, որ ասաց՝ խփել եմ ոստիկանին․- «Խփել էլ եմ, բոմբ էլ եմ տրաքացրել, բայց խի՞, որովհետև տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս՝ Շանթին քաշքշում ա: Եթե ես էդ օրը չխփեի, փախնեի տուն, պապս կասեր՝ տղա ջան ամոթ չի՞, ես ու հերդ քեզ 20 տարի դաստիարակենք, ասենք՝ ընկերներիդ համար ամեն ինչի գնա․․․ Կասի դու մեզ խայտառակ արիր»:

Ալեք Պողոսյանը պատմական անդրադարձ կատարեց 1920 թվականին Ռուսաստանի գործունեությանը և ուշադրություն հրավիրեց, որ հիմա էլ Ռուսաստանը մեծ քանակով զենք է վաճառում Ադրբեջանին:

Դատարանը այսօր հետազոտեց նաև իրեղեն ապացույցները: Շանթ Հարությունյանը դժգոհեց, թե որտե՞ղ է այն զրահաբաճկոնը, որը նա հագցրել էր որդուն՝ 14-ամյա Շահենին: Հարությունյանը բացատրեց, որ զրահաբաճկոնն իրեղեն ապացույց չճանաչելը մեղադրյալների դեմ է, այդպիսով ոստիկաններն ամեն ինչ արել են, որ հանկարծ չհասկացվի, թե ինչից էին պաշտպանվում Շանթն ու ընկերները․ - «Հիմա Գասպարյան Վովան ա էտի, թե Սերժ Սարգսյանն ա, ինձ չի հետաքրքրում, թող դատարանը պարզի՝ ով ա էդ շառ անողը, որը փորձել ա բավականաչափ խելամտություն դրսևորի, իրեղեն ապացույցները կիսատ-պռատ բերի ի վնաս ամբաստանյալ կողմին»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը:

XS
SM
MD
LG