Ամեն ամբաստանյալի անվան դիմաց ցուցակում երկուական ազգականի անուն էր, ովքեր միայն անձնագիրը ցույց տալուց հետո էին կարողանում մուտք գործել դատարան:
Այդուհանդերձ, դատարանի առջև հավաքված մարդկանց մեծ մասին չհաջողվեց մասնակցել դատավարությանը. դահլիճը բացելուց րոպեներ անց կարգադրիչները հայտարարեցին, թե ներսում այլևս տեղ չկա: «Շանթ և Ազատություն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Հայրապետյանը նույնպես դրսում մնաց:
«Քաղաքական դատավարություն է սովորական ներկայացման իր էլեմենտներով: Այնպես որ այս կազմակերպված ներս չթողնելը, լրացուցիչ ցուցակներ կազմելը, հարազատների համար խոչընդոտներ ստեղծելը բոլորը դրա մասին է խոսում: Առայժմ ինչքան հնարավոր է, նրանք կշարունակեն ձգել, խոչընդոտել»,- ասաց Հայրապետյանը:
«Շանթ և Ազատություն» հիմնադրամը հազարավոր ստորագրություններ է հավաքել ի պաշտպանություն ազատազրկվածների: Ֆելիքս Հայրապետյանը համոզված է, որ նիստերը միտումնավոր ձգձգելով՝ իշխանությունները հանգուցալուծման իրենց սցենարն են մշակում.- «Կարող է ստացվել, որ իշխանությունները լավություն արեցին, որ մարդուն մի տարի, տարիուկես պահելուց հետո ինչ-որ մի փոքրիկ հոդված դնելով՝ ազատեն: Էս հոդվածը, որ նրանց վրա դրել են, իրենք էլ են ծիծաղում հավանաբար: Թող գնան էդ երիտասարդների պես ազնիվ մարդիկ ունենան, որ նրանց խուլիգան են անվանում: Բնակչության ամենաակտիվ մասին մեկուսացնելու խնդիր կա, նրանք էլ մեկուսացրել են»:
Ոստիկանությունն այսօր ևս մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել դատարանի մոտ՝ շենքն ամբողջությամբ շրջափակելով մետաղական արգելափակոցներով և իրավապահներից կազմված պատով: Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցին նախօրեի ոստիկանական բռնությունները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ:
«Այս մարդիկ, ում այսօր պետք է «դատեն», պայքարում են հանուն ազատ անկախ Հայաստանի, ընդդեմ բոլշևիկների, ընդդեմ Ռուսաստանի կայսրության: Մի քանի օր առաջ մենք տեսանք դրա ածանցները, թե ոստիկանները ինչպես էին շատ բռի ձևով վարվում հայ քաղաքացիների հետ, դա ազդանշան է, թե ինչ է կատարվելու Հայաստանում, երբ մենք մտնենք Մաքսային միություն կամ Եվրասիական միություն», - ասաց Վրեժ Զատիկյանը:
Շանթ Հարությունյանի ընտանիքում որևէ հույս չեն կապում դատարանի հետ: Կինը՝ Ռուզան Բադալյանն ասում է՝ ամուսնուն ու ընկերներին շուրջ 8 ամիս է ճաղերի հետևում են պահում մյուսներին վախեցնելու համար:
«Շանթն ու իր ընկերները իրական վտանգ են ներկայացնում իշխանությունների համար ոչ թե իրենց գործողություններով, այլ իրենց քաղաքական հայացքներով, իրենց ազատությամբ, արդարությամբ, ուղղամտությամբ: Նրանք վերահսկվող չեն ոչ մեկի կողմից, և դա արդեն խնդիր է իշխանությունների համար: Անկախ նրանից, թե իշխանությունները ինչպես են որակավորում դա, նրանց փողոց դուրս գալը քաղաքական շարժառիթներով է եղել»,- նշեց Ռուզան Բադալյանը:
Դատարանի առջև են հավաքվում նաև ազատամարտիկները, Շանթն ու ընկերները մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Գագիկ Սարուխանյանի խոսքով, տղաները լավագույն դեպքում պետք է տուգանվեին՝ փողոցի բանուկ մաս դուրս գալու համար:
«Չեմ ուզի տարանջատել Շանթ Հարությունյանի և տղաների դատաստանը Վոլոդյա Ավետիսյանի դատաստանից, չէի կոչ սա դատավարություն: Սա ուղղակի հաշվեհարդար է իշխանությունների կողմից այն մարդկանց նկատմամբ, ով ինչ-որ կերպ նշել է, որ այս իշխանությունները վատն են», - նշեց Գագիկ Սարուխանյանը:
Շանթի աջակիցները զորակցում են դատական առաջին նիստի մեկնարկին ոստիկանների ուղղությամբ կրակ բացած Հայկ Կյուրեղյանին: Նա կալանավորված է երկու ամսով: