Նոյեմբերի 5-ից բանտում գտնվող Շանթ Հարությունյանը այսօր Կենտրոնի դատարանում դատավարական իր իրավունքներից օգտվելով հանդես եկավ քաղաքական գնահատականներով: Մյուս 13 բանտարկյալներին հորդորեց անիմաստ դատավարական գործընթացների մեջ մտնելու փոխարեն քաղաքական պայքարը շարունակել:
Հարությունյանը դատավորին բացատրեց, որ եթե բացարկ հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կարող է դա ընկալվել, թե իբր կա մի դատավոր, ով կարող է տարբերվել Մարտիրոսյանից՝ ռուսական ԿԳԲ-ի պատվերով իշխանության պատվերը կատարելու առումով: Նա նաև հայտարարեց, որ 5 տարի է՝ ռուսական ԿԳԲ-ն իրեն և որդուն ոչնչացնելու նպատակով ստեղծել է գործակալական ցանց՝ «Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի օգնությամբ»։
«Այդ գործակալական ցանցը փորձել է ինձ վարկաբեկելու համար իմ դեմ օգտագործել որդուս և նախկին կնոջս, ինչից հետո պետք է սպանվեին նաև նրանք»,- ասաց Հարությունյանը։
Շանթ Հարությունյանը նաև հայտարարեց, որ արդարադատության համակարգը, դատախազությունը, ոստիկանությունը ռուսական ԿԳԲ-ի կամակատարներն են.- «Ստեղ կարելի է գրել՝ հանուն Ռուսաստանի Ֆեդերացիայի ու դատական պրոցեսը սկսել»։
Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը բացարկ հայտնելու հնարավորությունն օգտագործեց ստալինյան բռնաճնշումների վերադարձի, Միկոյանի արձանի մասին իր դիրքորոշումը հայտնելու համար ևս.- «Այսօր ռուսական ԿԳԲ-ի կողմից ստալինյան բռնաճնշումների պրակտիկայի վերադարձը կայացած փաստ է։ Նաև այս պատճառով է հասկանալի դառնում Միկոյանի արձանի բացումը Երևանում»։
Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Ալեք Պողոսյանը դատավորին և դատախազներին բացարկ հայտնելով՝ առաջարկեց միանգամից հրավերներ ուղարկել Ռուսաստան, քանի որ «իրենց շահերից է բխում այս դատական պրոցեսը»։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանին 40 րոպե պետք եղավ միջնորդությունը խորհրդակցական սենյակում քննարկելու և մերժելու համար:
Շանթ Հարությունյանը ողջունեց անցած դատական նիստի մեկնարկին դատարանի բակում ոչ մարտական զենքից կրակելով բողոքի ակցիա կատարած, հիմա Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Հայկ Կյուրեղյանին։
Ոստիկանին դիմադրություն ցույց տալով՝ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի կալանքը։
Արա Զաքարյանը հայտարարեց, թե Տիգրան Պետրոսյանն ավարտվել է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը և թվարկեց նրա նկարահանած վավերագրական ֆիլմերը: Հարությունյանին սա դուր չեկավ, բանավեճը շարունակվեց նրա և Տիգրան Պետրոսյանի միջև։
«Դու ապահովի քաղաքականը, ես ապահովեմ իրավականը»,- ասաց Պետրոսյանը։
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ թույլ չի տա քաղաքական պայքարը վերածել խուլիգանության մեղադրանքով քրեական գործի դատավարության։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 27-ին: