Մատչելիության հղումներ

Հայրապետյանը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը


Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ
Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ

Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ երկու շաբաթվա մեջ հատուկ բժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի` մնալո՞ւ է Հայրապետյանը կալանքի տակ, թե՞ նրան ազատ կթողնեն մինչև դատավարություն։

«65-ամյա բարեգործը վատառողջ է։ Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը», - ասաց Մարգարյանը։

Համապատասխան միջնորդությունը Հայրապետյանի փաստաբանը ներկայացրել է նրա կալանավորման հաջորդ իսկ օրը։ Նա այսօր նաև հայտ է ներկայացնելու Մոսկվայի քաղաքային դատարան Բասմանի շրջանի դատարանի որոշման դեմ, քանի որ, ըստ նրա, չկան բավարար փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայրապետյանը մեղավոր է։

Թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին, պաշտոնապես հայտնի կլինի հուլիսի 24-ին:

Խոսքը, հիշեցնենք, տնտեսական հանցագործության մասին է։ Քննչական կոմիտեն ենթադրում է, որ «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ, և մեղադրողը համարում է, որ Հայրապետյանն այդ գործին մասնակցել է որպես միջնորդ։

Հայրապետյանը մեղադրանքը ժխտում է: Ավելի վաղ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ և՛ ինքը, և՛ հայկական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը պատրաստ են միջնորդությամբ հանդես գալ և երաշխավորել, որ Հայրապետյանը երկրից չի մեկնի և ժամանակին կներկայանա դատարան։

«Իրեն շատ մարդիկ են զանգում և հարցնում՝ ի՞նչ կարող են անել Հայրապետյանին օգնելու համար։ Ամենաարդյունավետ միջոցները նման միջնորդություններն են, սակայն դրանք պետք է ճիշտ ձևակերպված լինեն։ Մենք առաջիկայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կհրապարակենք այն հասցեն, որտեղ պետք կլինի նման նամակներ ուղարկել», - ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Հայարպետյանի ձերբակալման փաստին՝ փաստաբանը նշեց, որ ձերբակալությունը Հայրապետյանի համար մեծ անակնկալ էր։

Հիշեցնենք՝ ծագումով ղարաբաղցի, խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Մոսկովյան դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։

XS
SM
MD
LG