Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում Լևոն Հայրապետյանի կալանավորման մեջ


Րաֆֆի Հովհաննիսյանն ու Շանթը՝ Լևոն Հայրապետյանի կալանքի մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով մոսկվայաբնակ հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման մեջ «ընդգծված քաղաքական ենթատեքստ կա»:

«Համաձայն չեմ Հայաստանի դե ֆակտո իշխանավորների տեսակետի հետ, որ դա կապ չունի, թող ռուսները որոշեն, ինչ են անում: Ես կարծում եմ, որ կա ընդգծված քաղաքական ենթատեքստ», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ու հավելեց․ - «Եթե Հայաստանը ունի արժանապատվության վերջին կաթիլը, պիտի հետ հետապնդի նաև այս հարցը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը տարօրինակ համարեց Լևոն Հայրապետյանի կալանքի ժամանակի ընտրությունը և հատկապես այն, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ լարված են հարաբերությունները հարևանների հետ, աշխարհաքաղաքական իմաստով, երբ Հայաստանը մեծ ընտրության առջև է` սեփական երկիրը ազատագրելու ու պարզելու իր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ:

Երեկ արձագանքելով «Ազատության» հարցին՝ Լևոն Հայրապետյանի կալանքը ճնշում չէ՞ Հայաստանի, Ղարաբաղի նկատմամբ, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել էր․ - «Կարող են Լևոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին: Ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից, բայց եթե մարդիկ օրենք են խախտում և կալանավորվում են, դրա համար մենք ի՞նչ անենք՝ գնանք ասենք մեր բարերարն է, բա՞ց թողեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքելով Հովիկ Աբրահամյանի այս պատասխանին, ասաց՝ «մեկ-մեկ լեզվի սայթաքումներ լինում են: Ինձ թվում է, որ պարոն Աբրահամյանը թույլ է տվել լեզվի սայթաքում»:

«Եվ որտեղ հարուցվում է Հայաստանի շահ, քաղաքացու խնդիր, իրավունք, պետությունը այնտեղ պիտի լինի, ոչ թե լրագրողների ինչ-որ գեղեցիկ հարցուպատասխանի միջոցով ցույց տա, որ ինքը խելացի է կամ կապ չունի: Հայաստանի իշխանավորը կապ ունի ցանկացած հայ մարդու հետ, քաղաքացու հետ», - շարունակեց ընդդիմադիր առաջնորդը, - «Եվ ես էլ չեմ ուզում բառախաղ անել, որ հաջորդը լինի Սերժը, թե Հովիկը, թե Գալուստը, թե մեկ ուրիշը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս հայտարարություններն այսօր արեց Կենտրոնի դատարանում՝ Շանթի Հարությունյանի գործով դատական նիստից առաջ:

Ուշագրավ է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանն իրեն ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություններից մեկն այսօր գործադրեց Լևոն Հայրապետյանի կալանքի պատճառի մասին խոսելու համար: Ըստ Հարությունյանի, Լևոն Հայրապետյանի կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների համատեքստում է: Նրա խոսքով, Ռուսաստանը ոչնչացնում է Ղարաբաղի ներքին իմունիտետը:

«Կան նկատելի քայլեր, նաև՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը: Իրականում Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ, և եթե բիզնես կա Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, ապա վաճառվել է հենց Ղարաբաղը: Որպեսզի Ղարաբաղի վաճառքը Ադրբեջանին դիմադրության չհանդիպի հաջորդի կողմից, Ռուսաստանը ձեռնարկել է տոտալ միջոցառումներ ընդդեմ Հայաստանի», - հայտարարեց նա:

Հայաստանի դեմ Ռուսաստանի ծավալած գործունեությունը գնահատելով՝ Հարությունյանն անդրադարձավ քաղաքական դաշնակիցների հարցին։

«Առաջին՝ զրկել Հայաստանին միջազգային քաղաքական աջակցությունից։ Ռուսաստանն այս խնդիրը լուծեց, երբ սեպտեմբերի 3-ին արգելեց Հայաստանին ստորագրել եվրաասոցացման պայմանագիրը։ Սրանով Հայաստանը զրկվեց միջազգային, հատկապես, արևմտյան քաղաքական աջակցությունից։ Երկրորդը՝ ձգձգելով Հայաստանի մուտքը ԵվրԱզԷս, Ռուսաստանը խուսափեց ստանձնել որևէ քաղաքական պատասխանատվություն Հայաստանի ու, մասնավորապես, Ղարաբաղի համար։ Հասկացի՝ Ռուսաստանը քաղաքականապես մեկուսացրեց Հայաստանին՝ զրկելով որևէ քաղաքական դաշնակցից։ Երրորդ խնդիրը՝ Հայաստանը թուլացնել ռազմականապես. միլիարդների հասնող զենքի վաճառքով՝ Ռուսաստանը ապահովում է Ադրբեջանի ռազմական գերակշռությունը Հայաստանի նկատմամբ»,-դատարանում ասաց Հարությունյանը։

Ռուսաստանի խնդիրն է նաև, Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելով, Հայաստանին թուլացնել ռազմական հնարավորությունների առումով, հայտարարեց Շանթ Հարությունյանը:

XS
SM
MD
LG