Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ Մոսկվայում օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանը հանցագործություն չի գործել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Բոլորս տեղյակ ենք առաջին րոպեից: Իհարկե, դա լավ լուր չի, բայց ինքներս զբաղվում ենք, մենք անմիջական կապ ունենք և՛ քննչական օրգանների հետ, և՛ փաստաբանի հետ», - փոխանցեց Աբրահամյանը:
Խնդիրը, ըստ նրա, այն է, որ «ժամանակ է պահանջվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի պարզեն եղելությունը»:
«Մենք մեր կողմից ասել ենք և ասում ենք, որ այդ մարդը հնարավոր չի, որ մեղավոր լինի, կապված լինի մանավանդ քրեական գործերի հետ: Այդպիսի բան հնարավոր չի, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:
«Մենք մեր կողմից ինչ որ հնարավորություն ունենք՝ դա անում ենք: Մենք կարող ենք միջնորդություն գրել, մենք կարող ենք փաստաբանի հետ հանդիպել, մենք կարող ենք լավ խոսքեր ասել այն մարդու մասին, որ իրոք մեծ գործ է արել և՛ Հայաստանի համար, և՛ Սփյուռքի համար», - նշեց Արա Աբրահամյանը:
Հայտնի է, որ Լևոն Հարությունյանը վատառողջ է՝ արդյոք նա բժիշկների վերահսկողության տա՞կ է, այս հարցին Ռուսաստանի հայերի միության ղեկավարը արձագանքեց․ - «Ինքներդ գիտեք, որ երեկ դատարանը երկու ամիս վերցրեց կալանքի տակ: Հիմա մեր հնարավորությունն է, որ մենք կարող ենք օգնել, մենք հիմա բոլոր փաստաթղթերը հավաքում ենք՝ և՛ Ամերիկայից, և՛ բոլոր տեղերից, որպեսզի երկուշաբթի օրը այդ բոլոր փաթեթը, փաստաթղթերը, մեր էդ բողոքը մենք կներկայացնենք, որ էդ մարդը բժշկի կարիք ունի, որ պետք է իրեն թողնեն ժամանակավորապես տանը, որովհետև իրոք դա այդպես է»:
«Եվ այդ փաստաթղթերը հավաքում ենք, բողոքը ներկայացրել ենք, փաստաբանը ասել է, որ արդեն նշանակել են հանձնաժողով քննչական օրգանների, որ էդ խնդիրը նայի: Ինձ թվում է՝ պարզ կլինի, մենք ամեն ինչ անում ենք, որ էդ մարդը գոնե այնտեղ չմնա», - շարունակեց Աբրահամյանը:
«Եվ դրա հետ միասին, և՛ տարբեր մարդիկ, և՛ մեր սրբազանը՝ Եզրասը [Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը], և՛ Հայերի միությունը միջնորդություն ենք գրել, որ իրեն բաց թողնեն», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Ծագումող ղարաբաղցի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանելուն պես՝ փողերի լվացման և յուրացման կասկածանքով: Երեկ մոսկովյան դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: